Գլխավոր Լրահոս

Վրացիները երթով նշել են վիճահարույց ընտրությունների մեկ տարին

Վրացիները երթով նշել են վիճահարույց ընտրությունների մեկ տարին

Միխեիլ Գվադզաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Հոկտեմբերի 26-ին հազարավոր հակակառավարական ցուցարարներ քայլերթ են իրականացրել Թբիլիսիի կենտրոնով՝ նշելով 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրությունների մեկ տարին, որոնց արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պահպանեց իշխանությունը։

«Մինչև վերջ, մինչև հաղթանակ» անվանումը կրող երթը սկսվել է երեկոյան՝ Հանրապետության հրապարակից, և ավարտվել խորհրդարանի մոտ՝ հակակառավարական ցույցերի ավանդական վայրում։

Միջոցառումը երկու շաբաթ շարունակ նախապատրաստվել էր մի շարք ընդդիմադիր քաղաքական խմբերի և ակտիվիստների կողմից։ Ցուցարարները կրում էին ինչպես Վրաստանի, այնպես էլ երկրի ավանդական գործընկերների՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի դրոշները։

«[Մեկ] տարի անց այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» որոշեց ոչ միայն խլել մեր ձայները, այլև մեր ազատությունն ու ապագան, և մտածեց, թե մենք կցրվենք, մենք այստեղ ենք՝ ասելու, որ մենք տեղից չենք շարժվել»,- իր ելույթում հայտարարել է ընդդիմադիր «Ազատության հրապարակ» կուսակցության ղեկավար Լևան Ցուցկիրիձեն։

Նա հավելել է, որ պայքարը շարունակվելու է, քանի դեռ չեն կատարվել «ժողովրդի պահանջները»։

«Թող այս ավազակների կառավարությունը հրաժարական տա։ Ազատ արձակեք անմեղ մարդկանց։ Անցկացրեք ազատ ընտրություններ», -ասել է նա։

Երկրի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ելույթ է ունեցել հանրահավաքում՝ հայտարարելով, որ վերջին տարվա ընթացքում «Վրացական երազանքը» չի կարողացել ապահովել լեգիտիմություն։ Նա հայտարարել է․ «ռեժիմն արդեն պարտվել է, նրա օրերը հաշված են»։

«Թող մեր սրտերը մի փոքր էլ դիմանան. շուտով կլինի իրական, վերջնական հաղթանակ՝ նոր ընտրություններ, նոր հասարակություն, նոր քաղաքական դաշտ, որն անհրաժեշտ է մեզ», - ասել է նա։

Ընդդիմադիր «Ֆեդերալիստներ» կուսակցության ղեկավար Թամար Չերգոլէշվիլին կոչ է արել ավելի կազմակերպված բողոքի գործողությունների՝ «մինչև վերջ խեղդելու ռեժիմը» և հորդորել մարդկանց գրանցվել «Ուժեղացնենք դիմադրությունը» կայքում, որը ընդդիմադիր կուսակցությունները գործարկել էին հուլիսին։

«Եթե միասին կանգնենք՝ արժեքների շուրջ, ոչ թե կուսակցությունների կամ անհատների, մենք անկասկած կհասնենք մինչև վերջ», - ասել է նա։

Ըստ 2024-ի հոկտեմբերի 26-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց և երկարաձգեց իր 12 տարի տևող իշխանությունը ևս չորս տարով։

Սակայն լայնածավալ խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնին ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց, և բոլոր խոշոր ընդդիմադիր խմբերը հայտարարեցին խորհրդարանական բոյկոտի մասին։ Նրանցից բոլորն էլ շարունակում են բոյկոտը, բացի Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունից, որը հոկտեմբերի 20-ին հայտարարեց խորհրդարան վերադառնալու իր որոշման մասին։

Վիճահարույց ընտրություններին հետևեցին փողոցային բողոքներ, որոնք ավելի սրվեցին նոյեմբերի 28-ին՝ քվեարկությունից մեկ ամիս անց, երբ իշխող կուսակցությունը կասեցրեց Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտը «մինչև 2028 թվականը»։

Շարունակվող ցույցերի ընթացքում տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին, որոնցից շատերը արդեն դատապարտվել են։ Նրանց ազատ արձակումը շարունակվող բողոքների հիմնական պահանջներից մեկն է։

Ընտրությունների շուրջ սկանդալը, զուգորդված «Վրացական երազանքի» ընդունած սահմանափակող օրենքների հետ՝ ուղղված քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության դեմ, ինչպես նաև ոստիկանության դաժան բռնությամբ հակակառավարական ցուցարարների նկատմամբ և իշխանությունների ավելի ու ավելի բախվող հռետորաբանությամբ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քննադատների հասցեին, լրջորեն վնասել են Վրաստանի հարաբերությունները իր ավանդական գործընկերների հետ։

Վերջին տարվա ընթացքում մի շարք երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ պետությունները, դադարեցրել են համագործակցության տարբեր ձևեր վրացական իշխանությունների հետ՝ ուղեկցելով դա «Վրացական երազանքի» պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում