Գլխավոր Լրահոս

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլու մոր հիմնադրած համալսարանի շուրջ

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլու մոր հիմնադրած համալսարանի շուրջ

Միխեիլ Գվաձաբիա

Նյութը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի համալսարանի (UG) սեփականության իրավունքի վերաբերյալ։ ԲՈՒՀ-ը հայտնի է իր ընդդիմադիր դիրքորոշմամբ և կապ ունի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մոր հետ։

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի տեխնիկական համալսարանի (GTU) ռեկտոր Դավիթ Գուրգենիձեի հոկտեմբերի կեսերին ներկայացրած բողոքից հետո։ Վերջինս պնդել է, թե Թբիլիսիում գտնվող հողամասերը, շինությունները և սպորտային օբյեկտները՝ «GTU-ի սեփականության և օգտագործման տակ գտնվող», 2008 թվականին ապօրինաբար մասնավորեցվել են Վրաստանի համալսարանի կողմից՝ այն ժամանակ, երբ իշխանության էր Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։

«Մենք պահանջում ենք, որ այս գույքը բռնագանձվի և վերադարձվի Տեխնիկական համալսարանին», - հայտարարել է Գուրգենիձեն։

Վրաստանի համալսարանը, որպես մասնավոր կրթական հաստատություն, հիմնադրվել է 2004-ին։ Հիմնադիրներն են Վրաստանի նախկին  նախագահ Սաակաշվիլու մայրը՝ պրոֆեսոր Գյուլի Ալասանիան, և պրոֆեսոր Մանանա Սանաձեն։ Մինչ օրս նրանք շարունակում են ունենալ համալսարանի բաժնետոմսերի մեծ մասը։

Մինչ դատախազություն դիմելը՝ Գուրգենիձեն այս գույքի հարցը դեռ ապրիլին բարձրացրել էր խորհրդարանական հանձնաժողովում, որը ձևավորվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ՝ «Միասնական ազգային շարժման» ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ներկայիս իշխանությունները նախկին իշխանությանը բնորոշում են որպես «հանցագործ ռեժիմ»։

Գուրգենիձեի խոսքով՝ ով ռեկտոր է ընտրվել 2020-ին, գույքը վաճառվել է Վրաստանի համալսարանին աճուրդի միջոցով՝ իբր այն ժամանակվա կառավարության ազդեցությամբ և առանց GTU-ի համաձայնության։

«Վրաստանի տեխնիկական համալսարանի ոչ նախկին, ոչ ներկա ռեկտորներից և խորհուրդներից որևէ մեկը չի ստորագրել փաստաթուղթ, որով թույլատրվում էր այս գույքի օտարումը։ Պետությունն ինքնակամ յուրացրել է գույքը և մասնավորեցրել»,- ասել է Գուրգենիձեն «Ֆորմուլա TV»-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ GTU-ն այս գործարքից որևէ ֆինանսական օգուտ չի ստացել։

Գուրգենիձեի բողոքի հիման վրա Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննություն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով գույքի խոշոր չափերի յուրացման և վատնման մեղադրանքով։

«Հետաքննության ընթացքի և համապատասխան իրավական գնահատականների մասին մենք պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը», - ասված է դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել էր երկուշաբթի։

Վրաստանի համալսարանի (UG) ռեկտոր Կոնստանտին Տոպուրիան հոկտեմբերի 18-ին «Ֆորմուլա TV»-ին տված հարցազրույցում արձագանքել է Տեխնիկական համալսարանի ռեկտոր Գուրգենիձեի բողոքին՝ նշելով, որ այն «իրավական հեռանկար չունի»։

Տոպուրիայի խոսքով՝ այն շինություններից և ոչ մեկը, որոնք Վրաստանի համալսարանը գնել է աճուրդով, GTU-ին չեն պատկանել․ դրանք, ըստ նրա, պետական գույք են եղել, որոնք որևէ ժամանակահատվածում հանվել են աճուրդի։

Տոպուրիան նշել է, որ խոսքը վերաբերում է խորհրդային տարիներին սկսված շինարարական նախագծերի, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել էին անավարտ։

«Այդ շինությունները ոչ ավարտվել են, ոչ էլ փոխանցվել Տեխնիկական համալսարանին։ Դրանք անավարտ շինություններ էին, որոնք հաշվառված էին Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում։ Մի պահ պետությունը որոշեց այդ անավարտ շինությունները վաճառել․ Էկոնոմիկայի նախարարությունը դրանք հանեց աճուրդի, և Վրաստանի համալսարանն էլ գնեց դրանք՝ ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլն լարիի (շուրջ 2,2 մլն դոլար) դիմաց»,- հավելել է Տոպուրիան։

Նրա խոսքով՝ առաջիկա գործընթացը «կխաղա համալսարանի ներկայացուցիչների նյարդերի վրա» և «խիստ ճնշում կգործադրի համալսարանի վրա»՝ հնարավոր է ստիպելով Վրաստանի համալսարանին գնալ որոշ չբացահայտված «զիջումների»։ Այնուամենայնիվ, Տոպուրիան շեշտել է, որ համալսարանի գործունեության դադարեցման որևէ հնարավորություն չկա։

«Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչ կարող է արվեն այնպիսի համալսարանի հետ, որտեղ սովորում է 10,000 ուսանող և աշխատում է 1,600 աշխատակից։ Պարզապես հնարավոր չէ այն փակել։ Ի՞նչ եք անելու այդքան ուսանողների և աշխատողների հետ», - ասել է նա։

Վրաստանի համալսարանը, որը հիմնադրվել է նախկին նախագահի մոր կողմից, հայտնի է իր ընդդիմադիր դիրքորոշմամբ․ ԲՈՒՀ-ը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը։

«Ֆորմուլա TV»-ի հարցին ի պատասխան՝ Գուրգենիձեն հերքել է, թե իր բողոքը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է, սակայն ընդգծել է համալսարանի կապը Սաակաշվիլու մոր հետ՝ հարցադրելով․ «Աշխարհում որտե՞ղ է հնարավոր, որ պետության ղեկավարը համալսարան փոխանցի իր մորը, նույնիսկ եթե դրա համար վճարում են»։

Վրաստանի համալսարանի (UG) գործը քննվելու է գլխավոր դատախազությունում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարած բարձրագույն կրթության բարեփոխումների ֆոնին, որոնք քննադատները բնութագրել են որպես փորձ՝ խարխլելու ակադեմիական ինքնավարությունը։

Սրան զուգահեռ, կառավարամետ լրատվամիջոցները սկսել են հակաքարոզչական արշավ ընդդեմ այն համալսարանների, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր դիրքորոշմամբ, այդ թվում՝ Վրաստանի համալսարանի։

Ներկայում Սաակաշվիլին գտնվում է ազատազրկման մեջ՝ իշխանության չարաշահման և վատնման մի շարք մեղադրանքներով։ Պաշտոնաթողությունից հետո նրա նկատմամբ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությունը բացահայտորեն համարում է նրան կառավարության գլխավոր թշնամիներից մեկը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում