«Մոբայլ Սենթրը»՝ խոշոր հարկատուների ցուցակի առաջատար

Տարիներ շարունակ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նահանջել է երրորդ հորիզոնական։ Ցուցակի առաջատարը հեռախոսների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր» ընկերությունն է։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակը՝ արձանագրելով ոչ միայն հարկային մուտքերի ընդհանուր աճ, այլև փոփոխություն առաջատարների շարքում։
Ինն ամիսների արդյունքներով խոշորագույն հարկ վճարող ընկերությունների առաջին տասնյակում են`
«Մոբայլ Սենթր Արթ»՝ 52,5 մլրդ դրամ,
«Գրանդ Տոբակո»՝ 45,9 մլրդ դրամ,
ԶՊՄԿ՝ 36.2 մլրդ դրամ,
«Գազպրոմ Արմենիա»՝ 34,9 մլրդ դրամ։
Նրանց հաջորդում են «Արդշինբանկը»՝ 31,9 մլրդ դրամ, «Ամերիաբանկը»՝ 25 մլրդ դրամ, «Սի Փի Էս Էներջի Գրուպը»՝ 19 մլրդ դրամ, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18,2 մլրդ դրամ, «Դիջիթեյնը»՝ 16,7 մլրդ դրամ և «Սոֆթ Կոնստրակտը»՝ 16,3 մլրդ դրամ։
ԶՊՄԿ-ն, որը վերջին չորս տարիներին անփոփոխ գլխավորում էր ցանկը, այս տարվա սկզբից հարկային վճարումների կտրուկ անկում էր ունեցել։ 2025-ի առաջին եռամսյակի արդյունքներով այն նույնիսկ չէր հայտնվել լավագույն տասնյակում։ Ինչպես տարեսկզբին պարզաբանել էր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատճառը կոմբինատի՝ 2024-ին արված մեծ կանխավճարն էր։ Առաջին եռամսյակում այդ գերավճարի մի մասը՝ մոտ 22-23 մլրդ դրամ, վերադարձվել է ընկերությանը, ինչի հետևանքով էլ այն ժամանակավորապես նահանջ էր արձանագրել՝ դուրս մնալով անգամ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։
Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս թարմ տվյալները, երկրորդ եռամսյակի արդյունքներով ԶՊՄԿ-ն 6-րդ հորիզոնականում է, իսկ այժմ՝ ինն ամսվա կտրվածքով, բարելավել է դիրքը՝ հայտնվելով երրորդ տեղում։
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուները 2025-ի հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են վճարել ավելի քան 1,43 տրլն դրամ։ Այս ցուցանիշը 116,1 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (1,32 տրլն դրամ)։
Ըստ ՊԵԿ-ի՝ հարկային մարմնին կատարված վճարումները կազմել են ավելի քան 1,17 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 83,6 մլրդ դրամով։ Մաքսային մարմին մուտքերը կազմել են ավելի քան 260 մլրդ դրամ՝ գրանցելով 32,5 մլրդ դրամի աճ։
Թեմա
Civilnet










