Միխեիլ Գվաձաբիա
Նյութը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ իր սահմանադրական հայցը նպատակ ունի արգելել չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններից երեքը, սակայն այս փուլում ձեռնպահ է մնում առանձին անդամների քաղաքական գործունեության սահմանափակումներ պահանջելուց։
Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսը, որը վարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, բացահայտեց վաղուց խոստացված ընդդիմադիր կուսակցությունների արգելման պլանի մանրամասները՝ հրապարակելով սահմանադրական հայցով թիրախավորված կուսակցությունների անունները։
Պապուաշվիլիի խոսքով՝ հայցը վերաբերում է «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ), «Ահալի»-ի և «Լելո»-ի արգելմանը։ Այս երեք հիմնական ընդդիմադիր ուժերը, իրենց համապատասխան դաշինքների միջոցով, 2024 թվականի վիճահարույց խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էին առաջին երեք տեղերը իշխող կուսակցությունից հետո։
ՄԱՇ-ը նախկին իշխող կուսակցությունն է, որն այժմ ընդդիմադիր դաշտում է․ այն ղեկավարել է Վրաստանը 2003-ից մինչև 2012 թվականը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին, ով ներկայում գտնվում է բանտում։ «Ահալի»-ն հիմնադրվել է 2024 թվականին՝ ՄԱՇ-ի նախկին ղեկավար Նիկա Մելիայի և նախկին ՄԱՇ պաշտոնյա, այժմ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչ Նիկա Գվարամիայի կողմից։ Իսկ «Լելո»-ն ստեղծվել է 2019-ին՝ TBC բանկի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի կողմից։
Խոշոր ընդդիմադիր խմբերի արգելումը իշխող կուսակցության նախընտրական խոստումներից էր 2024 թվականի վճռորոշ ընտրություններից առաջ։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը հայտարարել էր, որ կդիմի Սահմանադրական դատարան՝ այդ ուժերը արգելելու համար, որոնք, ըստ իրենց ձևակերպման, միավորվում են «համատեղ ՄԱՇ»-ի գաղափարի ներքո՝ ընդգրկելով թե՛ ՄԱՇ-ը, թե՛ այն կուսակցությունները, որոնք, իշխող ուժի պնդմամբ, կապված են նրա հետ։
Իշխող կուսակցության դիրքորոշմամբ՝ նախկինում իշխող ՄԱՇ-ը ներկայացրել է հանցավոր ռեժիմ և չպետք է թույլատրվի, որ այն շարունակվի գոյություն ունենալ։ «Վրացական երազանք»-ի համոզմամբ՝ ՄԱՇ-ը և այլ քաղաքական խմբեր 2012 թվականի ընտրություններում պարտվելուց հետո՝ երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», շարունակել են «հակապետական» գործունեություն։
ՄԱՇ-ի և այլ խոշոր ընդդիմադիր կուսակցությունների միջև ենթադրյալ կապերը շեշտելու համար «Վրացական երազանք»-ը հաճախ օգտագործում է «ՄԱՇ-ի արբանյակներ» և «համատեղ ՄԱՇ» արտահայտությունները։
Իշխող կուսակցությունը իր ընդդիմադիրների արգելման պահանջը հիմնավորել է 2025 թվականի փետրվարին ստեղծված՝ ընդդիմության գործունեությունը քննող վիճահարույց խորհրդարանական հանձնաժողովի եզրակացություններով։ Հանձնաժողովի ծավալուն զեկույցը հրապարակվել է սեպտեմբերին։
Զեկույցի ամենավիճահարույց կետերից մեկը այն էր, որ այն ակնարկում էր, թե 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հրահրողը Վրաստանն է եղել, ինչը, քննադատների պնդմամբ, նսեմացնում է Ռուսաստանի պատասխանատվությունը պատերազմի համար։
Երեքշաբթի օրը Պապուաշվիլին կրկին մեղադրեց ՄԱՇ-ին՝ համակարգային մարդու իրավունքների խախտումների և պատերազմի հրահրման մեջ իր իշխանության տարիներին, ինչպես նաև «ընդհանուր ընտրություններով ընտրված մարմինների լեգիտիմությունը չճանաչելու և Վրաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ բռնի կերպով փոխելու փորձերի» մեջ։
Ընտրություններից հետո ընդդիմադիրների նախաձեռնած խորհրդարանական բոյկոտի համատեքստում Պապուաշվիլին ևս մեկ անգամ անդրադարձավ ընդդիմությանը՝ մեղադրելով «սաբոտաժի» և «ընտրված մարմինների չճանաչման» մեջ։
Պապուաշվիլիի խոսքով՝ հայցը կուղարկվի Սահմանադրական դատարան, այն բանից հետո, երբ այն անցնի խորհրդարանի ընթացակարգային կոմիտեի քննությունը։
Նա հավելեց, որ «Եվրոպացի սոցիալիստներն» ու «Ժողովրդի ուժը»՝ «Վրացական երազանք»-ի երկու խորհրդարանական արբանյակ խմբերը, նույնպես կմիանան հայցին։
«Վրացական երազանք»-ի սահմանադրական հայցը չի վերաբերում չորրորդ խոշոր ընդդիմադիր ուժին՝ «Վրաստանի համար» կուսակցությանը, որը հիմնադրվել է 2021 թվականին նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր առաջնորդ Գիորգի Գախարիայի կողմից։
Սա տեղի է ունենում այն պարագայում, որ անցյալում իշխող կուսակցությունը երբեմն ներառել էր Գախարիայի կուսակցությունը արգելման ենթակա ուժերի շարքում։
Պապուաշվիլիի խոսքով՝ Գախարիայի կուսակցությունը խուսափել է հնարավոր «սաբոտաժի» մեղադրանքներից՝ վերջերս դադարեցնելով խորհրդարանական բոյկոտը, որին միացել էր մեկ տարի առաջ՝ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին։ «Վրաստանի համար» կուսակցության բոլոր 12 պատգամավորները երեքշաբթի օրը մուտք են գործել խորհրդարան՝ Պապուաշվիլիի ասուլիսից ընդամենը մի քանի ժամ առաջ, հայտարարելով, որ բոյկոտի որոշումը եղել է սխալ։
Պապուաշվիլին նշեց նաև, որ այս փուլում «Վրացական երազանք»-ը չի փորձում արգելել ՄԱՇ-ի և «Ահալի»-ի դաշնակից փոքր կուսակցությունները։
Դրանց թվում են «Աղմաշենեբելի ռազմավարությունը» և «Եվրոպական Վրաստանը», որոնք 2024 թվականի ընտրություններին ընդառաջ դաշինք էին կազմել ՄԱՇ-ի հետ, ինչպես նաև «Գիրչի-Ավելի շատ ազատություն» և «Դրոա» կուսակցությունները, որոնք համագործակցել էին «Ահալի»-ի հետ։
Պապուաշվիլիի խոսքով՝ ներկայում այս կուսակցությունները «զգալի ազդեցություն չունեն, այդ թվում՝ ընտրական շեմը հաղթահարելու իրատեսական հեռանկար», ուստի «նրանց արգելելու անհրաժեշտություն չկա»։
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրեց, որ եթե այս կուսակցությունները հետագայում ձեռք բերեն էական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա, նրանց սահմանադրականության հարցը կարող է վերանայվել։
Պապուաշվիլիի հայտարարությունը նաև հստակեցրեց, որ այս փուլում «Վրացական երազանք»-ը չի կիրառի հոկտեմբերի 16-ին ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ իր թիրախում գտնվող կուսակցությունների հետ կապ ունեցող անձանց քաղաքական գործունեությունը սահմանափակելու նպատակով, չնայած նախկինում իշխող կուսակցությունը նման մտադրություն էր հայտնել։
Պապուաշվիլիի խոսքով՝ որոշվել է, որ ապրիլին ընդունված մեկ այլ օրենսդրական փոփոխություն ավելի արդյունավետ է․ այն հնարավորություն է տալիս Սահմանադրական դատարանին արգելել այն կուսակցությունները, որոնք համարվում են արդեն իսկ արգելված կուսակցություններին նման։
Civilnet











