Լուսանկարը` ՍիվիլՆեթի արխիվից
Զարգացած և առաջադեմ մարդու համար Հայաստանում նոր գործ սկսելու խոչընդոտներ ընդհանուր առմամբ չկան, սակայն բիզնես միջավայրը, գործարարների տրամադրվածությունն այս տեսանկյունից դեռ բավարար մակարդակի վրա չէ: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Սթար» առևտրային ցանցի նախկին ղեկավար, Menu.am նախագծի հեղինակ Վահան Քերոբյանը:
«Հայաստանում աշխատելը շատ դժվար է, և գիտենք՝ ինչքան մարդ ու բիզնեսմեն է գնում Հայաստանից: Շատ կարևոր է, որ պետությունը, կարգավորիչ մարմինը լավ պայմաններ ստեղծեն: Շատ քիչ մարդ գիտեմ, որ Հայաստանում երկարատև ներդրումներ է կատարում»,- նկատեց Քերոբյանը:
Անդրադառնալով ընտրական շրջանին` նա նշեց, որ այս ընթացքում Հայաստանում վաճառքներն ավելանում են, սպառողները նախընտրում են գումար ծախսել:
Քերոբյանը նաև դրական գնահատեց ֆրանսիական Carrefour ցանցի` Հայաստան գալու հնարավորությունը: «Carrefour-ը նոր խոսք կասի Հայաստանի մատակարարման սխեմայում, շուկայում: Բացի այդ` մի քանի տարի է` Հայաստանում լուրջ միջազգային ցանց ներդրում չի արել, և այդ շուրջ 150 մլն դոլարի ներդրումը դրական մեծ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար՝ ազդակ դառնալով, այն բանի, որ Հայաստանում ներդրումային բարենապաստ մթնոլորտ կա: Հակառակ դեպքում` այն բացասաբար կազդի երկրի ներդրումային վարկանիշի վրա»,- նկատեց գործարարը:
Civilnet











