ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի առաջարկը՝ պնդելով, որ այն չուներ գների նվազեցման նպատակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) առաջարկը՝ 2025-ի օգոստոսի 1-ից վեց ամսով վերանայելու ընկերության սակագնային մարժան, քանի որ առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները, այլ միտված էր ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։ Այս մասին հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԷՑ-ը հունիսի 6-ին առաջարկել էր հաշվարկից մի կողմից նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի շեղումից առաջացած շուրջ 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ ավելացնել նախորդ վեց ամսում իրականացված մոտ 12 մլրդ դրամի ներդրումների ծավալները։ ՀԾԿՀ-ն պարզաբանել է, որ եթե նույնիսկ առանձին հաշվեկշռի շեղումը սակագնի վրա ուներ մոտ 0,5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն, ապա ներդրումների ավելացման դեպքում երկու գործոնի գումարային ազդեցությունը կկազմեր ընդամենը 0,2 դրամ/կՎտժ նվազեցում։
Հանձնաժողովը նշում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ միայն տարեկան արդյունքներով է հնարավոր լիարժեք գնահատել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը և ապահովել կայուն սակագնային քաղաքականություն։ Ըստ ՀԾԿՀ-ի՝ սակագնային տարին չլրացած, միայն հաշվեկշռի շեղման գործոնով վերանայումը կլիներ չհիմնավորված նվազեցում և ընդամենը վեց ամիս հետո կառաջացներ սակագների կրկին բարձրացման էական ռիսկ։ Հետևաբար, ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների տարեկան արդյունքների հիման վրա, որպեսզի հաշվի առնվեն սակագների վրա ազդող բոլոր գործոնները։
Civilnet










