Կրկին կդիմենք ՀԾԿՀ՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար․ Նարեկ Կարապետյան

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը պատրաստվում է ևս մեկ անգամ դիմել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը։
Ընկերության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ՀԾԿՀ-ն մերժել է նրանց հունիսի 6-ի առաջարկը՝ նշելով, որ սակագնի վերանայումը նպատակահարմար է իրականացնել տարեվերջին։
«Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):
Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»,- գրել է Կարապետյանը:
Կարապետյանը հայտնել է, որ նոր դիմումը կհիմնավորեն հանձնաժողովի վերջին հայտարարությամբ՝ պահանջելով իրականացնել առաջարկը և իջեցնել սակագինը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարել էր, որ ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
ՀԾԿՀ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԷՑ) 06.06.2025թ. առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ) 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ»։
Civilnet










