Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրացական ընդդիմադիր խմբերն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված հայցին, որը նպատակ ունի արգելել երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։ Որոշ ընդդիմադիր գործիչներ դա համարել են հնարավորություն՝ ընդդիմադիր ուժերի միավորման համար, մինչդեռ ուրիշները շեշտել են, որ այդ քայլը վկայում է իշխող կուսակցության թուլության մասին։
Երեքշաբթի «Վրացական երազանքն» առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, թե որ կուսակցությունների վրա է տարածվելու իր հայցը․ դրանք են՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ), «Ահալի» և «Լելո» կուսակցությունները։
Տե՛ս նաև՝ Վրաստանի իշխանությունը մտադիր է արգելել երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը
Իշխող կուսակցության դիրքորոշմամբ՝ նախկինում իշխած ՄԱՇ-ը ներկայացնում էր «հանցավոր ռեժիմ», և չպետք է թույլատրվի շարունակել նրա գործունեությունը։ Ըստ «Վրացական երազանքի»՝ այդ կուսակցությունը և նրա դաշնակից քաղաքական ուժերը 2012-ին իշխանությունը կորցնելուց հետո շարունակում են «հակապետական գործունեություն»։
ՄԱՇ-ի նախագահ Թինա Բոկուչավան դատապարտել է այդ հայցը՝ այն անվանելով «կրկես», և նշել, որ իրականում դա «մեծ հնարավորություն է» մասնատված ընդդիմության միավորման համար։
«Կամ հիմա, կամ երբեք»,- գրել է նա Ֆեյսբուքում՝ միաժամանակ քննադատելով «Լելոյին»՝ 2025-ի հոկտեմբերյան տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար, որոնք ընդդիմադիրների մեծ մասը բոյկոտել էր։
ՄԱՇ-ի մեկ այլ գործիչ՝ Աննա Ցիտլիձեն, կուսակցության փոդքասթում հայտարարել է, որ այս դատական գործընթացը «ոչ մի կապ չունի արդարադատության կամ իրավական ընթացակարգերի հետ»։ Նրա խոսքով՝ ՄԱՇ-ի իշխանության ինը տարիները (2003–2012) «անկախ Վրաստանի պատմության լավագույն շրջանն» էին։
«Ահալի» կուսակցությունը, որը 2024-ին հիմնադրել էին ՄԱՇ-ի նախկին ղեկավար Նիկա Մելիան և նախկին պաշտոնյա ու մեդիա-գործիչ Նիկա Գվարամիան, նույնպես արձագանքել է։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ այս քայլով «ռեժիմը կրկին ցույց է տալիս ազգային ուժերից իր թուլությունն ու վախը արդար ընտրություններում»։
«Մենք կօգտագործենք բոլոր լծակները, մեր ունեցած ամեն ինչ, որպեսզի պարտության մատնենք «Վրացական երազանքին» և ազգային ուժերին բերենք իշխանության»,- հայտարարել է կուսակցության անդամ Թենգիզ Տևզաձեն։
Իսկ «Լելոն», որը հիմնադրվել է 2019-ին TBC Bank-ի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի կողմից, հայտարարել է, որ «Բիձինա Իվանիշվիլին վերացնում է ժողովրդավարությունն ու Վրաստանը որպես ժողովրդավարական պետություն»։
«Լելոն» նաև պնդել է, որ իշխող կուսակցությունը փորձում է արգելել այն միակ ուժը, որը «հիմնադրման օրվանից կոտրել է երկրի սխալ երկբևեռ համակարգը և հարյուր հազարավոր վրացիների համար ստեղծել է իրական այլընտրանք»։
Նախքան իշխող կուսակցությունը հայտարարեր, թե որ կուսակցություններին է վերաբերում հայցը, «Լելոն» արդեն դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջին ամիսներին ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնք հեշտացնում են ընդդիմադիր ուժերի արգելումը։
Փոքր ընդդիմադիր խմբերը նույնպես արձագանքել են։ «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան, որը վերջին ամիսներին կալանքի տակ է, բանտից հայտնել է․ «Այս կառավարության կողմից կուսակցությունների արգելումը նույնքան ապօրինի է, որքան այս ամբողջ ռուսական ռեժիմը»։
«Ֆեդերալիստներ» կուսակցությունն իր հերթին հայտարարել է, որ այս որոշմամբ «ռեժիմը զրկում է ոչ միայն նշված կուսակցությունների ընտրողներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրելու իր իրավունքից»։
«Նույնիսկ մեկ օրինական կուսակցության արգելումը նշանակում է բոլոր կուսակցությունների արգելում»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
Վերջին ամիսներին «Վրացական երազանքը» մի շարք օրենսդրական փոփոխություններ է ընդունել՝ ընդդիմադիր ուժերի արգելման գործընթացը հեշտացնելու համար։ Գարնանն ընդունված օրենքով Սահմանադրական դատարանը կարող է արգելել նորաստեղծ կուսակցությունները, եթե դրանք համարվում են արդեն արգելված կուսակցությանը նման։
Հոկտեմբերի կեսին ևս մի փոփոխություն է ընդունվել, որը դատարանին տալիս է լիազորություն արգելելու քաղաքական գործունեությունը այն անձանց, ովքեր կապված են արգելված կուսակցությունների հետ, եթե այդ մասին դիմի հայցվոր կողմը։
Սակայն իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ներկայիս հայցով նպատակ չունի արգելել առանձին անհատների գործունեությունը՝ պնդելով, որ ավելի արդյունավետ է արգելել ամբողջ կուսակցությունները, քան նրանց անդամներին մեկ առ մեկ։
«Վրացական երազանքը» կուսակցությունների արգելման գործընթացը իրականացնում է երկրի ժողովրդավարական հետընթացի ֆոնին, երբ իշխանությունը արդեն հարվածներ է հասցրել քաղաքացիական հասարակությանը, անկախ մամուլին և փողոցային բողոքներին՝ օրենսդրական շարունակական փոփոխությունների միջոցով։
Քաղաքական ճգնաժամը տեղի է ունենում այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը 2024-ի նոյեմբերին դադարեցրեց Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտը, ինչից հետո Թբիլիսիում և այլ քաղաքներում սկսվեցին ամենօրյա բողոքի ցույցեր։
Civilnet











