Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին կապի համար․ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին կապի համար․ Փաշինյան

Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ: 

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ 

«Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը՝ հիմված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ 

«Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ 

«Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։

Այնուհետև, վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում