Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս

Հոկտեմբերի 30-ին կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամիս սահմանելու օրինագծին։ Գործադիրն այն համարեց անհետաձգելի, ինչը նշանակում է, որ նախագիծն առաջիկայում կքննարկի նաև խորհրդարանը։
Ըստ կառավարության հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ինչպիսին է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասաց, որ այս ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4,220, որը աճի միտում ունի։ Նշվում է, որ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացն ընդլայնվել է արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային ծառայության շնորհիվ։
Ուստի՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025-ի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետ։
«Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027-ի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025-ի ձմեռային զորակոչի շրջանակներում 2026-ի հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027-ի հուլիսին»,- ասված է նախագծում։
Թեմա
Civilnet










