Գլխավոր Լրահոս

Կադիրովի որդին միացել է Վլադիմիր Պուտինի կուսակցությանը

Կադիրովի որդին միացել է Վլադիմիր Պուտինի կուսակցությանը

Ելիզավետա Չուխարովա  հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում։

Չեչնիայի ֆիզիկական մշակույթի և սպորտի նախարար Ախմատ Կադիրովը՝ երկրամասի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին, միացել է Ռուսաստանի իշխող կուսակցությանը՝ «Միասնական Ռուսաստան»-ին։ Այս մասին հայտարարել է Ռամզան Կադիրովը կուսակցության մարզային խորհրդի ընդլայնված նիստից հետո։

Արարողությունը տեղի է ունեցել Գրոզնիում։ Մասնակցել են Չեչնիայի կառավարության նախագահ, «Միասնական Ռուսաստանի» երկրամասի բաժանմունքի քարտուղար և կուսակցության Գերագույն խորհրդի անդամ Մագոմեդ Դաուդովը, ինչպես նաև նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Ախմատ Կադիրովի հետ միասին կուսակցության անդամատոմս է հանձնվել նաև Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ, «Տերեկ» հատուկ ջոկատի հրամանատար Աբուզայդ Վիսմուրադովին։ Վիսմուրադովը Ռամզան Կադիրովի ազգականն է՝ նրա որդին ամուսնացած է Կադիրովի երրորդ դստեր՝ Տաբարիկի հետ։ Կուսակցական տոմսերը երկու գործիչներին անձամբ է հանձնել Ռամզան Կադիրովը։

Մագոմեդ Դաուդովն ամփոփել է «Միասնական Ռուսաստանի» Չեչնիայի մասնաճյուղի 2025-ի աշխատանքը՝ նշելով, որ հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կուսակցությունը կազմակերպել է շուրջ 1000 միջոցառում՝ ավելի քան 60 հազար ակտիվիստների և համախոհների մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը դարձվել է «Ժողովրդական ծրագրի» իրականացմանը, որի շրջանակում իրականացվել են գազաֆիկացման նախագծեր, դպրոցների, հիվանդանոցների և մարզական շինությունների կառուցում ու վերանորոգում։

Նիստի ընթացքում Ռամզան Կադիրովը կոչ է արել նախապատրաստվել 2026-ի ընտրություններին, որոնց ընթացքում Չեչնիայում կանցկացվեն տարբեր մակարդակների քվեարկություններ՝ հանրապետության ղեկավարից մինչև համայնքային պատգամավորներ։ Նա վստահություն է հայտնել, որ կուսակցությունը «կարժանանա պատվին՝ Մագոմեդ Դաուդովի ղեկավարությամբ արժանապատիվ կերպով կատարելով այս առաջադրանքը»։

Կադիրովի խոսքով՝ «Միասնական Ռուսաստանի» Չեչնիայի մասնաճյուղն այժմ ունի ավելի քան 107 հազար անդամ և շուրջ 3 հազար համախոհ։

Պետական «Գրոզնի-Ինֆորմ» գործակալությանը Ախմատ Կադիրովն ասել է, որ կուսակցությանը միանալը «ոչ միայն պատկանելության նշան է հզոր քաղաքական ուժին, այլև լրացուցիչ խթան՝ հետագա աշխատանքների համար՝ ի շահ հանրապետության և երկրի»։

Նա հավելել է, որ «Միասնական Ռուսաստանը» «առանցքային դեր է խաղում պետության կայունությունն ու բարեկեցությունը ապահովելու գործում», իսկ նրա օրենսդրական նախաձեռնությունները «քաղաքացիներին թույլ են տալիս վստահությամբ նայել ապագային»։

«Անկեղծ շնորհակալ եմ Ռամզան Ախմատովիչին՝ դրսևորած վստահության համար։ Մեր առջև մեծ աշխատանք կա, և ես պատրաստ եմ ներդրում ունենալ մեր կուսակցության զարգացման և նրա գաղափարների իրականացման գործում»,- ասել է Ախմատ Կադիրովը։

Չեչնիայում գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ներառյալ կառավարության անդամները, տեղական վարչությունների ղեկավարներն ու պատգամավորները, պատկանում են «Միասնական Ռուսաստան»-ին։ Կուսակցությունը գերիշխող դիրք ունի ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլև ողջ Ռուսաստանում։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Միասնական Ռուսաստանը» ունի մեծամասնություն ինչպես պետական դումայում, այնպես էլ երկրամասի բոլոր օրենսդիր մարմիններում։ Չեչնիայում կուսակցությունը մշտապես ստանում է ընտրողների ձայների 90 տոկոսից ավելին այն ընտրություններում, որոնք դիտորդները բազմիցս քննադատել են մրցակցության բացակայության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում