Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրացական իշխանամետ հեռուստաալիքը՝ POSTV-ն, հաղորդել է մի քանի ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների մասին՝ մինչև դրանք իրականում տեղի կունենային։
Նրանց «նախօրոք» հրապարակած տեղեկությունները հետագայում արագ ջնջվել են, սակայն նշված բոլոր անձինք ի վերջո իսկապես ձերբակալվել են, ինչը կասկածներ է առաջացրել, որ հեռուստաալիքը նախապես տեղյակ է եղել ոստիկանության գործողություններից։
Իշխանամետ կեցվածքով հայտնի POSTV-ն հոկտեմբերի 24-ի կեսօրին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել այդ ձերբակալությունների մասին։
Թեև OC Media-ն չի տեսել այդ հրապարակումը ուղիղ եթերում՝ մինչև այն ջնջվելը, դրա իսկությունը հաստատվել է մի շարք աղբյուրների կողմից, որոնցից ոմանք հասցրել են նկարահանել էկրանի պատկերը։
Այդ ժամանակ ոստիկանությունը արդեն մեկ շաբաթ էր՝ իրականացնում էր ձերբակալություններ՝ ուղղված Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում օրական անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ՝ ցույցերի մասին օրենսդրության խստացումից հետո, ներառյալ՝ ճանապարհների արգելափակման արգելքը։
Հրապարակման վերնագիրը գրված էր․
«Քարոզչությունը պնդում է, թե Ռուսթավելիի ցույցերը ապաքաղաքական են։ Մինչդեռ հենց երեկ [այս մարդիկ] ձերբակալվել են ճանապարհը ապօրինաբար փակելու համար»։
Տեքստին հաջորդում էր այն անձանց ցուցակը, որոնց ալիքը ներկայացրել էր որպես արդեն ձերբակալվածներ։
Ցուցակում ներառված էին․
- Թամտա Գոգոլաձե՝ ընդդիմադիր Droa կուսակցության անդամ,
- Նատո Սլեպակովա՝ Ազատության հրապարակից,
- Նիկա Քվիտատიანი՝ Ahali կուսակցությունից,
- Գիորգի Լեմոնջավա՝ Droa կուսակցությունից,
- ինչպես նաև Գիորգի Սիխարուլիձե և Թենգիզ Կիրտաձե՝ ներկայում Ֆեդերալիստների անդամներ։
Հրապարակումն ուշադրություն է գրավել այն պատճառով, որ դրա հրապարակման պահին առնվազն երեք անձ՝ Գոգոլաձեն, Քվիտատիանին և Լեմոնջավան, դեռևս ձերբակալված չէին։
Նյութը, ըստ ամենայնի, ջնջվել է հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց, սակայն ընդդիմադիր գործիչները հասցրել են պատճեններ պահպանել և ծաղրել ալիքը։
«Ինձ նախօրոք են ձերբակալել», - գրել է Քվիտատիանին Facebook-ում՝ ծիծաղող էմոջիներով, կցելով POSTV-ի հրապարակման պատճենը։
«Ահա մենք», - գրել է Droa-ի անդամ Շուշանա Մացաբերիձեն՝ հրապարակելով նույն հրապարակումը և միաժամանակ՝ Գոգոլաձեի ու Լեմոնջավայի փողոցային տեսանյութը։
Ծաղրական մեկնաբանություններից բացի, հրապարակումն առաջացրել է նաև բարկացած արձագանքներ իշխանության քննադատների շրջանում, որոնք նշել են, որ իշխանամետ լրատվամիջոցները կարծես նախապես տեղեկություններ ունենում են իրավապահներից՝ ով է ենթակա ձերբակալության։
«Նայեք էս խելագարներին»,- գրել է ընդդիմադիր ակտիվիստ Գիորգի Մումլաձեն Facebook-ում։
«Պարզ է՝ ցուցակները Պետական անվտանգության ծառայությունից են փոխանցվել «լրագրողներին»՝ որպես իրենց բաժանմունքների ներկայացուցիչների, և էսպես խելահեղ կերպով են հրապարակել»,- հավելել է նա։
Ընդդիմադիր Ahali կուսակցության անդամ Տենգո Տևզաձեն ֆեյսբուքում գրել է․
«POSTTV-ն նախօրոք գիտի, թե ով է ձերբակալվելու։ Այլևս չենք զանգահարի ՆԳՆ կամ կալանավայրեր․ ուղղակի POSTV-ին կուղղենք հարցը, թե որտեղ է այս կամ այն մարդը»։
Հրապարակման մեջ նշված բոլոր անձինք ձերբակալվել են․ Լեմոնջավային ոստիկանությունը տարել է հրապարակումից մի քանի ժամ անց, իսկ Քվիտատիանին ու Գոգոլաձեն՝ երեք օր անց։ Դատարանը նրանց բոլորին մեղավոր է ճանաչել և դատապարտել մի քանի օր ազատազրկման։
Թեև անհայտ է, թե ինչպես է POSTV-ն նախօրոք իմացել թե ովքեր են ձերբակալվելու, բայց հարցը մնում է՝ ինչու է ալիքը նրանց անունները հրապարակել մինչև իրական ձերբակալությունները։
Կառավարության քննադատները, սակայն, ասում են, որ մանրամասները կարևոր չեն՝ իրավիճակի էությունը հասկանալի է։
«Սա պատասխան է բոլորին՝ առաջին հերթին «Վրացական երազանք»-ի աջակիցներին և չեզոք դիտորդներին, որ այս երկրում անկախ ինստիտուտներ գոյություն չունեն․ տվյալ դեպքում՝ ՆԳՆ-ն ու դատարանները, և բոլոր որոշումները կայացվում են «Վրացական երազանք»-ի գրասենյակում կամ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից», - ասել է Ahali կուսակցության անդամ Նիկա Փարուլավան՝ OC Media-ին։
Փարուլավայի խոսքով՝ ինքն ու Քվիտատիանին իրենց կուսակցության գրասենյակում են եղել, երբ նկատել են POSTV-ի հրապարակումը՝ մինչև այն ջնջվելը։ Նրանք նույնիսկ պատրաստել են հումորային տեսանյութ, որտեղ սկզբում երևում է Քվիտատիանու հեռախոսում հրապարակումը, ապա տեսախցիկը շրջվում է դեպի Քվիտատիանին՝ ծխում և ծիծաղում է։
Փարուլավան ընդգծել է նաև հրապարակման բովանդակությունը, որը ներկայացնում էր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը ցույցերին՝ բացասական լույսի տակ։
«Ակնհայտ է, որ սա ապացուցում է՝ նրանք նախօրոք գիտեն, թե ում են ձերբակալելու, հատկապես երբ խոսքը կուսակցական գործիչների մասին է, որպեսզի հետո իրենց քարոզչական նարատիվներով ստեղծեն այնպիսի պատրանք, թե շարունակվող դիմադրությունը կազմակերպված է կուսակցությունների կամ քաղաքական գործիչների կողմից», - հավելել է նա։
POSTV-ը հիմնադրվել է 2017-ին։ Նրա հիմնական բաժնետերը ներկայում Վիկտոր Ջափարիձեն է՝ People’s Power կուսակցության պատգամավոր, որը համարվում է «Վրացական երազանք» կուսակցության արբանյակ ուժ։
Հեռուստաալիքը չի պատասխանել OC Media-ի՝ հրապարակման հետ կապված հարցմանը։
Civilnet











