Հայաստանում գործարկվել է Ոստիկանության գվարդիան

Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան: Այն ոստիկանության չորս ուղղություններից է։ Նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով:
Ըստ Կառավարության՝ նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոստիկանության գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը:
«Սա կարևոր մի փուլ է Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար»,- ասել է Փաշինյանը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։
Թեմա
Civilnet










