Նոյեմբերի 2-ին Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա) երկրորդ կիրակին անընդմեջ «պատարագ» մատուցեց, որին կրկին մասնակցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատարագին» մասնակցեցին նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզպետները և այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։ Եկեղեցու շրջակայքում կրկին բազմաթիվ ոստիկաններ էին հսկողություն իրականացնում։
Կարգալույծ հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանն առաջին «պատարագըմատուցել էր նախորդ կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ կրկին բազմաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակված եկեղեցու շրջակայքում։ Ի տարբերություն նախորդ «պատարագի»՝ այս անգամ մարդկանց թիվն ավելի քիչ էր։
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որում ասում էր, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։
***
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Դրա համար, ըստ Մայր Աթոռի, հիմք է ծառայել այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Civilnet











