«Կասկադի» վերևի հատվածի հին հիմքերը կքանդվեն՝ նոր նախագծի համար տեղ բացելով

«Կասկադ» համալիրի վերին, անավարտ հատվածի կառուցապատման ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նոյեմբերի 3-ի աշխատանքային նիստին հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքապետարանը բանակցում է հաստատված ներդրող ընկերության հետ՝ կառուցապատման և հարակից հողամասերի օտարման հարաբերությունները կարգավորող պայմանագրերի շուրջ։
«Հաջորդիվ կմեկնարկենք Կասկադի վերևի հատվածում առկա փոսորակում առկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծն իրականացնել»,- ասաց Թևանյանը՝ նկատի ունենալով նախկինում սկսված և անավարտ մնացած շինարարության հետևանքով առաջացած կառույցները։
Զուգահեռաբար, քաղաքապետարանը կսկսի նախագիծը քննարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ներկայացված էսքիզի վերաբերյալ հավանություն ստանալու համար։ Սրանից հետո հնարավոր կլինի անցնել ճարտարապետահատակագծային առաջադրանքի կազմմանը։ Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ աշխատանք է տարվում նաև նախագծող ընկերության հետ՝ տեխնիկական առաջադրանքը մանրամասնելու և ամբողջական նախագիծը սեղմ ժամկետներում կազմելու ուղղությամբ։
Սրան նախորդել էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի որոշումը, որով հավանություն էր տրվել «Կասկադ» համալիրի վերին հատվածի կառուցապատման ներդրումային ծրագրին։ Այն ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ նպատակը Կասկադին ավարտուն տեսք հաղորդելն է և ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի ու Ջիմ Թորոսյանի գաղափարը կյանքի կոչելը։
Ծրագրով նախատեսվում է կառուցել 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ նոր ցուցասրահներով, և պետական արարողակարգային միջոցառումների հատված։ Նախագիծը կձևավորի շուրջ 30,000 քառ. մետր մշակութային հանգույց, իսկ հարակից 4,6 հեկտար տարածքը կհանձնվի կառուցապատողին՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար։ Ավինյանը նշել էր, որ «Կասկադի» վերևի փոսորակը «չլուծված հարց» էր մնացել մոտ 2007 թվականից։
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










