Տրանսպորտում նախորդ ամիս տուգանվել է 935 ուղևոր

Երևանի համայնքային տրանսպորտում նախորդ ամիս տուգանվել է 935 ուղևոր։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։
Տուգանքի որոշումներից 673-ը կայացվել է առանց տոմս երթևեկելու, 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու և 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։
Բաբայանը նշեց, որ քաղաքացիների կողմից ստացվել են շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից 89 գործ մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով։
Միևնույն ժամանակ, 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ։ Դրանք պայմանավորված են կատարված վճարման վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրներով, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանմամբ։
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունումից հետո եկամուտների 20% աճ է գրանցվել։
Թեմա
Civilnet










