ՃՏՊ-ների թիվը 10,7%-ով աճել է․ ՆԳ նախարար

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը վերջին ինն ամիսներին աճել է 10,7%-ով, սակայն զոհերի թիվը միաժամանակ նվազել է 43-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։
«Սա իհարկե ցույց է տալիս ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց կարծում եմ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ»,- ասել է նախարարը։
Ըստ Սարգսյանի՝ այս ուղղությամբ նապարարությունը հստակ ռազմավարություն ունի՝ շարունակելու իրազեկման միջոցառումները թե՛ վարորդների, թե՛ երթևեկության մնացյալ մասնակիցների շրջանում։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման պիտի նաև գանք ընդհանուր վիճակագրական պատկերում, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել ընդհանուր առմամբ իրավիճակը»,- ասել է Սարգսյանը։
***
2024-ին Հայաստանում գրանցվել է 4,314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 333 մարդ մահացել է, 6,116-ը՝ վիրավորվել:
Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ միայն Երևանում վերջին 1 տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել։
Թեմա
Civilnet










