Հետվճարի մեխանիզմը դրական ազդեցություն կունենա անկանխիկ գործարքների աճի վրա․ Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում դրական է գնահատել կառավարության ծրագիրը, որով 2026-ից նախատեսվում է ներդնել համընդհանուր 2 տոկոս հետվճարի համակարգ անկանխիկ առևտրի համար, ինչպես նաև թոշակառուների համար հետվճարի չափը հասցնել 20 տոկոսի՝ ներկայիս 12 տոկոսի փոխարեն։
Արամյանը նշել է, որ հետվճարի (քեշբեքի) մեխանիզմները նյութական գործիքներ են, որոնք դրական ազդեցություն կունենան անկանխիկ գործարքների ծավալների աճի վրա։ Նա բացատրել է, որ աշխարհում ընդունված է, որ այլ հավասար պայմաններում «միջին վիճակագրական անձը նյութապաշտ է», և այդ պատճառով մարքեթինգում հաճախ կիրառվում են զեղչային համակարգեր։
«Ես կարծում եմ, որ և 20%-ի և 2%-ի դեպքում էլ մարդկանց շարժառիթները կմեծանան, որպեսզի կանխիկից տեղափոխվեն անկանխիկի։ Դա լավ է նրանով, որովհետև երբ գործարքները տեղի է ունենում անկանխիկ դաշտում, բնականաբար ավելի վերահսկելի է»,- ասել է Արամյանը՝ ընդգծելով գործընթացի դրական ազդեցությունը թափանցիկության վրա։
Նախկին նախարարը մատնանշել է այն շուկաները, որտեղ դեռևս կանխիկն է գերակայում, այս փոփոխությունները մարդկանց կստիպեն դատողություններ անել։ Նա որպես օրինակ բերել է թոշակառուներին. «Նույն թոշակառուն, իր ապրանքը կգնի անկանխիկ տարբերակով և կստանա որոշակի քեշբեքեր»։
2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ին ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ․ բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։
2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար՝ 12 տոկոս (նախկին 10 տոկոսի փոխարեն)՝ առավելագույնը 6000 դրամ (նախկին 5000 դրամի փոխարեն)։
Civilnet










