Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղհասարակությունը մոտ ժամանակում Ադրբեջան կայցելի․ ԱԽ քարտուղար

Հայաստանի քաղհասարակությունը մոտ ժամանակում Ադրբեջան կայցելի․ ԱԽ քարտուղար

Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կայացած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ:

«Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։

«Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025-ի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում»,- ասել է Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է  տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ «Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը բացեց նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

«Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը կատարել է մանրամասն ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Չինաստանի միջև նոր առևտրային ուղին՝ Հայաստանի տարածքով անցնելիս կարող է ներկայիս ուղիների համեմատ կրճատվել 5-ից 10 %-ով։

Կայունության դրական ազդեցություններն այսօր արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունը, հատկապես դրա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջությունը, արագորեն զարգանում են են՝ օգտվելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրից։ Հայաստանը մեկնարկում է բացառիկ՝ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագիծ՝ NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչն ավելի է ամրապնդում երկրի դիրքը որպես աշխարհի առաջատար բարձր արդյունավետության համակարգչային կենտրոններից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսներին Հայաստանը գրանցեց նշանակալի զբոսաշրջային աճ։ Օրինակ՝ հունիսին Հայաստան ժամանեց ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով ավել էր 2024 թվականի համեմատ։ Մեր գնահատմամբ՝ այդ աճի պատճառը մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությունն էր, և տարբեր երկրներում բնակվող մարդիկ արձագանքեցին այս հայտարարությանը։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի հայտարարության հնարավոր ազդեցության մասին:

Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը«,- ասել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղին՝ պարտավորությամբ և թափանցիկությամբ։ 

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլ նաև որպես քաղաքական հայտարարություն՝ համաձայն որի երկխոսությունը գործում է, համագործակցությունը հնարավոր է, և որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է կառուցել համատեղ բարեկեցության միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պահանջում է բոլորի ներգրավվածությունը՝ մեր եվրոպական գործընկերների, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գործընկերների, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի հարևանների մասնակցությունը։

Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում