Գլխավոր Լրահոս

Գաղտնի դրամաշնորհներ. մի ՀԿ, որ կառավարությունից միլիոններ է ստացել առանց մրցույթի

Գաղտնի դրամաշնորհներ. մի ՀԿ, որ կառավարությունից միլիոններ է ստացել առանց մրցույթի

Սիրանուշ Ադամյան

Հայաստանի կառավարությունը 2020-2025 թվականներին «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին տրամադրել է ընդհանուր 207 միլիոն դրամ, ինչպես նաև՝ 15 տարի ժամկետով անհատույց մեծ տարածք Երևանի Կենտրոնում: ՀԿ-ին տրամադրվող կառավարության աջակցության մասին առաջինը բարձրաձայնել է Factor TV-ն։

ՀԿ-ին տրամադրվող գումարների մասին որոշումները գաղտնագրված են եղել և կառավարության որոշմամբ  գաղտնազերծվել են միայն ՍիվիլՆեթի հարցումներից հետո։ Այսպես, մեր հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմից հոկտեմբերի 30-ին հայտնել են, որ ինստիտուտին գումարները տրամադրվել են ««Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառման շրջանակներում, գաղտնի ընթացակարգով՝ ելնելով տվյալ ժամանակահատվածում առկա խնդիրների վերհանման հրատապությունից»։ 

Ըստ վարչապետի աշխատակազմի՝ այս փաստաթղթերը գաղտնազերծվել են «2025-ի օգօստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված, կարիքի հրատապությունն ու ուսումնասիրված խնդիրների զգայունությունը էապես կորցրել են իրենց սրությունը»։ 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։

ՀԿ-ին տրամադրված աջակցությունն ըստ տարիների հետևյալ տեսքն ունի.

2020   -   6,3 մլն դրամ
2021   -   38,941  մլն դրամ
2022   -   41,813  մլն դրամ
2023   -   38,941  մլն դրամ
2024   -   41,813  մլն դրամ
2025   -   38,941  մլն դրամ

Բոլոր տարիների որոշումներում նշված է, որ նշված գումարը հատկացնում են առանց մրցույթի՝ որպես դրամաշնորհ, չնայած բյուջեի նախագծերում նշված է, որ միջոցառման շրջանակում գումարը պետք է տրամադրել մրցույթով ընտրված մասնակցին:

ՍիվիլՆեթը դեռ 2022-ի օգոստոսին  ֆինանսների նախարարությունից ստացել էր այս ՀԿ-ին 2020, 2021, 2022 թվականներին գումար հատկացնելու մասին տեղեկատվություն։ Այժմ պարզվում է՝ 2022-ից հետո է որոշվել, որ այդ տեղեկատվությունը պետք է գաղտնագրվի։

Բացի ֆինանսական աջակցությունից, 2021-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն վարչապետի հանձնարարականով ինստիտուտին 15 տարով տրամադրել է անհատույց 348,4 քմ մակերեսով տարածք՝ Երևանի Խանջյան 19 հասցեում։

Վարչապետի աշխատակազմից բացի, 2019-ին այս ՀԿ-ին աջակցություն է տրամադրել Մշակույթի նախարարությունը՝ 1,8 մլն դրամ էր Զարեհ Որբունու գրական ժառանգությանը նվիրված հանրային ծրագրի իրականացման մասնակի ծախսերի համար։

Թե ինչու է կառավարությունը այդքան հոգացել ՀԿ-ի աշխատանքների մասին, հայտնի չէ։ Ուշագրավ է, որ ինստիտուտի համահիմնադիր Վարդան Ազատյանը 2019-ին հեղափոխության տարելիցի կապակցությամբ հրատարակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքույկը, որը, ինչպես նշված է ինստիտուտի կայքում՝ «Կատարվածը մտածելու, իրադարձն իրենով իսկ ըմբռնելու նպատակ ունի»: 

Հրապարակախոս Գոռ Մադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ «գրքույկում, Ազատյանը,  ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանին ու նրա Թավշյա հեղափոխությունը համեմատում է Հիսուս Քրիստոսի մաքառման, պայքարի ու հաղթանակի հետ»։ 

2024-ի դեկտեմբերին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրել էր, որ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» հետազոտողների և արվեստագետների հետ քննարկել է «Կրթվելը նորաձև է» արշավը, ինչից հետո ծնվել են նոր կարգախոսներ։ 

Վարդան Ազատյանը 2024-ի մայիսի 6-ին ընտրվեց Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։ Դրանից հետո նա մեկ տարի դեռ ՀԿ-ի տնօրենն էր։ 2025-ի հունվարի 30-ին էլ կառավարությունը նրան նշանակեց Հանրային խորհրդի անդամ։ Դրանից հետո ՀԿ-ի տնօրենի պաշտոնում Ազատյանին փոխարինել է Լիանա Ադամյանը։

Ինչո՞ւ են որոշումները գաղտնի պահվել

Թե ինչու է այս ՀԿ-ին տրամադրվող պետական աջակցությունը գաղտնի պահվել, հայտնի չէ։ 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ իր համար էլ պարզ չէ, թե ինչու են որոշումները գաղտնի պահվել։ Նրա կարծիքով՝ առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելը խախտում է նաև Դրամաշանորհ հատկացնելու մասին 2003-ի որոշումը։

«Կառավարության 2003-ի որոշման խախտում է եղել, բայց բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով դա [ֆինանսական աջակցություն] տալը խախտում չէ։ 2003-ի որոշումը հստակ ասում է, որ դրամաշնորհները պետք է բաց մրցույթի ձևով տրամադրվեն։ դա խախտել են, ուղղակի պետք է կառավարությունից ճշտել, թե ինչու է սա գաղտնագրվել այդ ժամանակ, որովհետև ինձ ծանոթ իրավական ակտերից դա չի բխում»,- ասում է Հոկտանյանը։ Նա նշում է, որ 2021-ին դրամաշնորհների մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել, բայց դա նպատակ ուներ ավելի թափանցիկ, ավելի մրցակցային դարձնել դրամաշնորհների մրցույթները։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն

Նոյեմբերի 2-ին ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում չի մանրամասնել, թե ինչու է իր գործունությունը գաղտնագրվել, ապա գաղտնազերծվել, առավել ևս, որ կատարված բոլոր աշխատանքները եղել են բաց և հրապարակային։ «Գաղտնագրման և գաղտնազերծման հիմքերի և ընթացակարգերի հետ կապված հարցերին լավագույնս տիրապետում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մեր կողմից կարող ենք ասել, որ հետազոտությունները կարևորվել են հեղափոխությունից հետո բարեփոխումների օրակարգի ու ինստիտուտների կայացման տեսանկյունից և առնչվել են մեր հանրության՝ պատմական փորձից բխող խնդրահարույց և զգայուն առանձնահատկություններին, ներքին հակասություններին»,- նշված է գրառման մեջ։

«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն հիմնադրվել է 2014-ին և «նպատակ ունի Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը և քննական ներդրում ունենալ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում…»։

Ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ իրենք չեն տիրապետում, թե «կոնկրետ հետազոտություններն ինչպիսի կոնկրետ կիրառություն են ստացել բարեփոխումների և քաղաքականությունների մշակման գործում», բայց որպես իևենց հետազոտությունների հանրային նշանակության վկայություն մեջբերում են վարչապետի ելույթը 2024-ի հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հղում էր արել այս ՀԿ-ի հետ «ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությանը»։

«Հղում անելով մեր կառավարության գործընկեր կազմակերպություններից մեկին, որի հետազոտությունների մեջ կարմիր թելով անցնում է, որ ժամկետը և ժամանակը չպետք է խառնենք իրար, ժամկետը ուրիշ բան է, ժամանակն ուրիշ բան է, և մենք պետք է բարեփոխումների օրակարգը շարունակենք հետևողական, առանց այն հակադրելու ժամանակի հետ»,- ասել էր Փաշինյանը։

***

ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Կառավարության աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են որոշումները գաղտնի պահվել։ Մեկ այլ հարցմամբ դատախազությունից փորձում ենք պարզել, թե արդյոք օրենքի խախտում տեսնում են այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում