ԵՄ մոնիթորինգային առաքելության ձևաչափի որոշակի փոփոխություններ կլինեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։
«Առնվազն մինչև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում։ Համաձայնագրի ստորագրումից հետո և վավերացումից հետո, իհարկե, որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրամիության մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ», - ասաց Փաշինյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 7-րդ կետում նշված է․ «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»։
Մինչ խաղաղության պայմանագրի նախաստորագրումն Ադրբեջանը պահանջում էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերել ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը՝ համարելով այն երրորդ ուժ։
Civilnet











