Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան։ Սյս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Փոխվարչապետը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան:
«Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համար»- ասել է Գրիգորյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Հոկտեմբերի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։
Civilnet











