Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առավելապաշտական հայտարարություններին, չի ցանկանում պատմության վաղ շրջաններին հղում անել։
«Շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա»,- ասաց նախարարը։
Օրեր առաջ Ալիևը, յուրովի մեկնաբանելով պատմությունը, նշել է, թե «հայերին Ցարական Ռուսաստանն է Իրանից ու Արևելյան Անատոլիայից բնակեցրել Ղարաբաղում» և որ «XX դարի ռուսական քարտեզներում Հայաստանի տարածքների տեղանուննները հիմնականում ադրբեջանական են»։
«Այդ քարտեզներում Սևանա լիճ անունով լիճ չկա, այլ կա՝ Գյոյչայի լիճ», – ասել է Ալիևը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։
Հայաստանի ԱԳ նախարարը, ի պատասխան Ալիևի այս առավելապաշտական հայտարարություններին, հայտնեց, որ իր համար, որպես Հայաստանի կառավարության անդամի, ավելի ծանրակշիռ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրերը, որոնցով կողմերը ճանաչում եմ միմիանց տարածքային ամբողջականությունը։
«Խոսենք իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ի՞նչ կա, կա ստորագրություն մարդկային հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Ինձ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է»,- ասաց նախարարը։
Civilnet











