Հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Վրաստանի խորհրդարանը քննադատել է Երևանում անցկացված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունված բանաձևը՝ այն անվանելով «հակավրացական», և մեղադրել հայ պատգամավորներին Վրաստանի կառավարության դիրքերը խաթարելու մեջ։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխանական «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նինո Ծիլոսանին հայտարարել է, որ հայ պատգամավորները հանդես են եկել սեփական վարչապետի դեմ՝ աջակցելով այն բանաձևին, որը կասկածի տակ էր դնում Վրաստանի ղեկավարության և ընտրությունների լեգիտիմությունը։
«Այդպիսի բանաձևին աջակցելով՝ նրանք փաստում են, որ վստահություն չունեն սեփական վարչապետի հանդեպ»,– ասել է Ծիլոսանին՝ փաստաթուղթը որակելով անիմաստ և Վրաստանին վնաս հասցնելու նպատակ ունեցող։
Երևանում կայացած վեհաժողովի 12-րդ նիստում ընդունված բանաձևը Վրաստանի 2024-ի խորհրդարանական ընտրությունները որակել է կեղծված և մեղադրել իշխանական «Վրացական երազանք» կուսակցությանը՝ ինքնահռչակված լինելու մեջ։ Այն նաև դատապարտել է Թբիլիսիում բողոքի ցույցերի բռնի ճնշումը և պահանջել է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին՝ նախազգուշացնելով, որ եթե բարեփոխումներ չկատարվեն, Վրաստանը կարող է կորցնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։
Վրաստանը նախապես հրաժարվել էր պատվիրակություն ուղարկել նիստին՝ պատճառաբանելով, որ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների կողմից հնչում է «թշնամական և կողմնակալ հռետորաբանություն»։ Թբիլիսիի պաշտոնյաները հայտարարել էին, որ այդ գործողությունները խախտում են Արևելյան գործընկերության նախաձեռնության հիմքում ընկած գործընկերության և փոխադարձ հարգանքի ոգին։
Եվրոնեստի հայկական պատվիրակությունը հետագայում հերքել է պնդումները, թե իրենք քվեարկել են Վրաստանի դեմ։ Հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ հայ պատգամավորները կամ ձեռնպահ են մնացել, կամ չեն մասնակցել Վրաստանին վերաբերող փոփոխությունների քվեարկությանը։
Նա հավելել է, որ միակ բացառությունը վերաբերել է Վրաստանի անջատված տարածաշրջաններից մեկի անվանաբափոխությանը, որտեղ հայ պատգամավորները կողմ են քվեարկել «Հարավային Օսեթիա» ձևակերպումը «Ծխինվալիի տարածաշրջան»-ով փոխարինելու առաջարկին։
Կարապետյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ի վերջո աջակցել է ընդհանուր բանաձևին, քանի որ այն ներառում էր մի շարք կարևոր դրույթներ Հայաստանի վերաբերյալ՝ մասնավորապես աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացին, սահմանազատման շարունակությունը փոխադարձ ինքնիշխանության հիման վրա, ինչպես նաև ադրբեջանական ուժերի դուրսբերման կոչը Հայաստանի տարածքից։
Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների կտրուկ անկումից և Ռուսաստանի ուղղությամբ շրջվելուց հետո Երևանը հայտնվել է այն իրավիճակում, երբ պետք է հավասարակշռի Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունները և իր ԵՄ ձգտումները։ Բրյուսելը բազմիցս քննադատել է Թբիլիսիին ժողովրդավարական հետընթացի և ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերաբերմունքի համար, մինչդեռ Վրաստանի կառավարությունը ԵՄ պաշտոնյաներին մեղադրել է միջամտության և երկակի չափանիշների մեջ։
Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ձգտել է խորացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ՝ 2021-ին ստորագրելով համապարփակ գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ և 2025-ին անդամակցության գործընթաց է սկսել։ Եվրանեսթի նիստի անցկացումը Երևանում Հայաստանը դիտարկել է որպես իր աճող ներգրավվածության նշան Եվրոպական խորհրդարանի և ԵՄ այլ կառույցների հետ։
Civilnet











