ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ուղիղ երկաթուղային կապը խաղաղության հաստատման զգալի ներդրում է․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում զգալի ներդրում է, այն ընդգծում է համագործակցության ընդհանուր ցանկությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այսօր լուսադեմին Ռուսաստանից հացահատիկի գնացքն առաջին անգամ ժամանեց Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով։ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է գործում։ Այս իրադարձությունը իրական, զգալի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր աշխատանքի վկայությունը՝ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման համար», - լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը Հայաստանի շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը։
«Խորհրդանշական է, որ այս ճանապարհով տեղափոխված առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարչագործության ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - նշել է Օվերչուկը։
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, 1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
***
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Հոկտեմբերի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։
Civilnet










