Հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի․ վարչապետը՝ խցանումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում խցանումների խնդիրը ճգնաժամային է և դժվարություններ է ստեղծում քաղաքում տեղաշարժվելու համար:
«Տարօրինակ է, երբ հեծանիվով հայտնվում ես խցանման մեջ և դժվար է տեղաշարժվել»,- նոյեմբերի 6-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:
Վարչապետը հիշեցրեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ իրավիճակը գնահատելու և արագ միջանկյալ լուծումներ մշակելու համար, քանի որ ավտոմեքենաների թիվն ամեն օր աճում է: Նա նշեց, որ այս խնդրի հիմնական պատճառը մեքենաների աննախադեպ քանակն է Երևանում, իսկ որոշ դեպքերում՝ լուսացույցների անջատումներն ու ճանապարհային վթարները:
«Մենք պետք է հասկանանք՝ այդ երևույթի հետ ինչպես վարվենք։ Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ կարճաժամկետ լուծումները անհրաժեշտ են, սակայն անհրաժեշտ կլինի նաև երկարաժամկետ մոտեցում՝ քաղաքային ճանապարհների կարողությունները հաշվի առնելով: Վարչապետը հիշեցրեց, որ որոշ որոշումներ, ինչպես էլեկտրոմոբիլների քվոտաների սահմանումը և արտոնությունները, նպաստում են մեքենաների թվի ավելացմանը, ինչը հավելյալ բեռն է ստեղծում տրանսպորտային համակարգի վրա:
***
Հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանում տրանսպորտային խցանումներն ու անկառավարելի երթևեկությունը կարգավորելու համար։
Հոկտեմբերի 15-ին, նա ականատես էր եղել մայրաքաղաքի «սարսափելի քաոսին»՝ հեծանիվով Կառավարության շենքից Բաղրամյան 26 ուղևորվելիս։ Փաշինյանը նշել էր, որ մեքենաների կտրուկ ավելացումը հանգեցրել է ոչ թե սովորական խցանումների, այլ լիակատար քաոսի։
Վարչապետն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել և խթանել հեծանվային, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվների օգտագործումը, քանի որ, նրա խոսքերով, «ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ նյարդայնանալ»։
Թեմա
Civilnet










