Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի շրջանակում նախատեսվում է էապես փոխել ընտրությունների կարգը՝ մասնավորապես առաջին ընտրությունների դեպքում հրաժարվել կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից, հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ դա թույլ կտա խուսափել ընտրական գործընթացների «հավերժ շրջապտույտից»։
Նախարարը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մանրամասներ է ներկայացրել նոր Սահմանադրության տեքստի մշակման ակտիվ փուլի մասին՝ ընդգծելով, որ իր նշանակումից հետո որոշում է կայացվել առկա հայեցակարգային մոտեցումների հիման վրա մշակել նոր տեքստը։ Խոսելով ընտրական կարգի փոփոխությունների մասին՝ Գալյանը հայտարարել է.
«Մենք որոշել ենք առաջին ընտրություններից հետո, երբ չի ձևավորվում մեծամասնություն մեկ կուսակցության միջոցով և կամ կոալիցիայի միջոցով, մենք գնանք երկրորդ ընտրությունների, այսինքն երկրորդ փուլ չի լինելու, լինելու է երկրորդ ընտրություն, որովհետև երկրորդ փուլի իմաստը այն է, որ ավելի շատ բարձր ձայներ հավաքած ուժերն են մտնում նոր ընտրափուլ, իսկ այստեղ բոլորը էլի հավասարության պայմաններում մտնելու են նոր ընտրափուլ»։
Գալյանը նշել է, որ այս դեպքում կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո, իսկ փոփոխությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ հավերժ ընտրությունների շրջապտույտ չլինի և լինի այնպիսի ԱԺ, , որը իր լիազորությունները կշարունակի տևական ժամանակի ընթացքում։
Նախարարը հաստատել է, որ Հայաստանը կմնա խորհրդարանական պետություն, սակայն նախատեսվում են էական փոփոխություններ՝ կապված «իշխանությունների, իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների» հետ։
«Մենք նախ խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային Ժողովի լիազորությունները», - ասել է նա։
Նախարարի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի լիազորությունների ուժեղացումը ներառում է նաև կառավարության ձևավորման հետ կապված հարցերը. որոշում է կայացվել մշտական հանձնաժողովներին դերակատարում տալ կառավարության անդամների ընտրության և անվստահության հայտնելու գործընթացում։ Օրինակ, նախարարի թեկնածուին «բաց նիստում հարցեր ուղղելով»՝ ԱԺ մշտական հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն։
Բացի այդ, Գալյանը նշել է, որ քննարկվել և որոշում է կայացվել ընդունել համապատասխան կարգավորում Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ։ Ուժեղացվել է նաև ԱԺ վերահսկողությունը զինված ուժերի կիրառման դեպքերի հետ կապված, մասնավորապես, երկրի տարածքից դուրս կիրառման դեպքում ԱԺ-ն պետք է տա իր համաձայնությունը։
***
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet











