TRIPP-ը կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար․ Թրամփ

TRIPP (The Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը տնտեսական առումով կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
«Երեք ամիս առաջ իմ վարչակազմը պատմական խաղաղության համաձայնագիր կնքեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա մեկն էր այն ութ պատերազմներից, որը մենք դադարեցրինք ութ ամսում», - ասել է Թրամփը։
Նախագահ Թրամփը երթուղին ռազմավարական առումով կենսական է որակել, նշելով դրա ներուժը՝ խթանելու տարածաշրջանային առևտուրը։
«Սա ճանապարհ է, որը կառուցվում է և անցնում աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով՝ տնտեսական տեսանկյունից նույնպես ամենակարևոր վայրերից, ինչը կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին», – ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը տարածաշրջանին կբերի իրական օգուտներ։
«Ես վստահ եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կստանա խաղաղության բարիքները, եթե ընդունի այն հնարավորությունը, որը մենք բացել ենք այս համաձայնագրով», – հավելել է ԱՄՆ-ի նախագահը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է «Թրամփի ուղու» գործարկումը՝ տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու նպատակով։ Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր։
Civilnet










