Բաքուն և Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին անդառնալի բնույթ հաղորդելու համար։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հինգերորդ տարելիցի կապակցությամբ։
Իր հայտարարությունում արտաքին քաղաքական գերատեսչությունը ներկայացրել է 2020 թվականի պատերազմից հետո կարգավորման պատմության սեփական մեկնաբանությունը։ Չնայած հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս գործընթացում առկա որոշակի հաջողություններին, օրինակ, սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հակամարտության խաղաղ կարգավորման մասին եռակողմ հռչակագրին, Մոսկվայում գտնում են, որ դեռ վաղ է խոսել խաղաղ գործընթացի անդառնալիության մասին։
«Բաքուն և Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին անդառնալի բնույթ հաղորդելու համար, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների», - ասված է հայտարարությունում։
Ընդ որում, նշվում է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանի արդարացի սահմանազատման և սահմանագծման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հաստատման անհրաժեշտության մասին։
Միևնույն ժամանակ պաշտոնական Մոսկվան պատրաստակամություն է հայտնում «հետագայում ևս ադրբեջանցի և հայ գործընկերներին համակողմանի աջակցություն ցուցաբերել բոլոր ուղղություններով», այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետպատերազմյան կարգավորմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայմանը։ ՌԴ ԱԳՆ-ն հաշվետվություն է ներկայացրել խաղաղապահների ձեռքբերումների մասին. «Խաղաղապահ գործողության մեկնարկից ի վեր ՌԽԶ-ի ուժերով 2550,2 հեկտար տարածք մաքրվել է պայթյունավտանգ առարկաներից, ականազերծվել է ավելի քան 689 կիլոմետր ճանապարհ... հայտնաբերվել և վնասազերծվել է 26 794 պայթյունավտանգ առարկա»։
Հատկանշական է, որ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին, որոնք հանգեցրել են հակամարտության գոտում նաև քաղաքացիական անձանց սպանության։ Փաստաթղթում նաև բացակայում են որևէ հիշատակումներ ադրբեջանցի, այսպես կոչված, ակտիվիստների կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին, որոնք, ըստ բազմաթիվ վկայությունների, գործել են պաշտոնական Բաքվի հովանավորության ներքո և փաստացի տարածաշրջանը հասցրել հումանիտար աղետի։
Փոխարենը ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին, երբ 8-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծեց, «ռուս զինծառայողներն աջակցել են հրադադարի ձեռքբերմանը»։ «Նրանք ապահովել են քաղաքացիական բնակչության անվտանգությունը, իրենց տեղակայման կետերում տեղավորել են... մոտ հինգ հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ ավելի քան երկու հազար երեխայի, երաշխավորել են հայ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան», - ասվում է հայտարարության մեջ։
Խաղաղապահները, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, շարունակել են կատարել «իրենց պարտքը մինչև 2024 թվականի հունիսի 12-ը հայրենիք վերադառնալը»։ Իրանակում նրանք ստիպված եղան ժամկետից շուտ լքել Լեռնային Ղարաբաղը ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումից հետո, թեև Մոսկվայում որոշ պաշտոնյաներ շտապեցին հայտարարել խաղաղապահների կողմից իրենց առաքելությունը «լիարժեք ծավալով» կատարելու մասին։
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է նաև 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ընդունված երեք այլ հայտարարությունների մասին (2021թ. հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի)։ Այս հայտարարությունները, համաձայն Մոսկվայի դիրքորոշման, դեռևս կազմում են խաղաղ գործընթացի «ճանապարհային քարտեզը», «մնում են ուժի մեջ և չեն կորցրել իրենց արդիականությունը»։
Արշալույս Մղդեսյան
Civilnet











