Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը՝ ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են ինչպես խղճի ու խոսքի ազատության սկզբունքը, այնպես էլ հանրային համերաշխությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արձանագրվել է նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:
Խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել Եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները՝ վերստին կոչ անելով իրավապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։ Անհրաժեշտ նկատվեց նաև Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է գերիների հարցի նկատմամբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը։ Վերահաստատվեց Եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։
ԳՀԽ-ը կարևորեց միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և մասնավորապեզ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։
Պ․գ․թ․, դոց. Միքայել Մալխասյանն իր զեկույցում անդրադարձավ հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթներին։ Բանախոսը ներկայացրեց օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատեց, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով Եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում։
Civilnet











