Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ է արձագանքել իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի քննադատություններին՝ 2020-ի արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ՝ կրկին հրավիրելով ՀՀ նախկին նախագահներին թեմայի շուրջ հրապարակային բանավեճի։
Փաշինյանի մեկնաբանությունները, որոնք արվել են այսօր՝ նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան, սոցիալական ցանցերում մի շարք գրառումների և տեսանյութերի տեսքով, ուղղակի պատասխան էին նոյեմբերի 7-ի գիշերը «Իմնեմնիմի» փոդքաստին Սարգսյանի շուրջ 7-ժամյա հարցազրույցին։ Հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել 44-օրյա պատերազմի նախադրյալների և բանակի վիճակի մասին։
Փաշինյանը հատուկ անդրադարձել է Սարգսյանի այն պնդմանը, թե նա «չի հասկանում»՝ ինչպես Հայաստանը կորցրեց իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների կեսը պատերազմի առաջին ժամերին։
«Ի՞նչ կա չհասկանալու։ Ձեր թողած ՀՕՊ համակարգը... մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով՝ մետալալոմ», - գրել է Փաշինյանը։
Նա պնդել է, որ Հայաստանի «դաշնակիցները» (խմբ. ակնարկելով հավանաբար Ռուսաստանին) մերժել են արդիականացման խնդրանքները՝ ցույց տալով «երեք մատի կոմբինացիա»։ Նա հավելել է, որ «ոչ դաշնակից» երկրները նույնպես մերժել են՝ պատճառաբանելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և զենքերը «ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում» տեղակայելու հնարավորությունը։
Ի պատասխան Սարգսյանի այն ակնարկի, թե 2018-2020-ին Փաշինյանի կառավարությունը «կազմաքանդել է բանակը», վարչապետը մեջբերել է հենց Սարգսյանին։ Փաշինյանը հիշեցրել է 2018-ի ապրիլի 17-ի ելույթը, որտեղ Սարգսյանը, լինելով վարչապետի թեկնածու, ինքն է նշել, որ Հայաստանը «շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնի մեր զինված ուժերի բարեփոխմանը»։
Փաշինյանը պնդել է, որ ապագային միտված Սերժ Սարգսյանի խոսքն ապացուցում է, որ բանակն արդեն իսկ թույլ վիճակում է եղել՝ նախկին համակարգը որակելով «բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու» համակարգ։
Սարգսյանը նաև խոսել է ղարաբաղյան խաղաղ բանակցությունների մասին` նշելով, որ պատերազմի պատճառներից էր բանակցություններից հրաժարվելը` ակնարկելով Փաշինյանի այն ժամանակվա կոշտ դիրքորոշումը։ Վարչապետ Փաշինյանը հակադարձել է՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել բանակցային առանցքային փաստաթղթեր, ներառյալ 2019-ի առաջարկը։
Նա քննադատել է Սերժ Սարգսյանի` հարցազրույցի միջոցով իր հետ խոսելու ձևաչափը՝ այն բնորոշելով՝ «փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս ես բանավիճում»։ Փոխարենը՝ նա Սարգսյանին հրապարակային բանավեճի է հրավիրել ուղիղ եթերում։
«Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում», - ասել է Փաշինյանը՝ բանավեճի հրավիրելով նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
Առանձին տեսաուղերձում Փաշինյանն անդրադարձել է պատերազմի անխուսափելիության շուրջ բուռն քննարկումներին։ Նա պնդել է, որ պատերազմից կարելի էր խուսափել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանն իր դիրքորոշումը համապատասխանեցներ «միջազգային լեգիտիմությանը»։
Սակայն, ըստ նրա, դա «գործնականում անհնար էր», քանի որ առաջին իսկ քայլով պահանջվում էր ընդունել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
Փաշինյանը բացատրել է, որ 90-ականներից ի վեր Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական և միջազգային պատկերացումները «իրարից հեռացել էին»՝ առաջացնելով «ճեղք»։ Նրա խոսքով՝ այդ պատկերացումները համապատասխանեցնելն անհնար էր առանց այդ նախապայմանն ընդունելու։
«Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար: Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019-ին, ուրեմն, այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,- ասել է Փաշինյանը։
Հետագա գրառմամբ Փաշինյանը երեք նախկին նախագահներին նաև հրավիրել է փակ ցուցադրության՝ տեսնելու վերջին տարիների Հայաստանի կառավարության զինտեխնիկայի ձեռքբերումները։
Ավելի ուշ նա նման հրավերով դիմել է նաև ՀՀ քաղաքացիներին` հորդորելով կազմել 50-հոգանոց խմբեր, որոնց համար կցուցադրվեն ձեռք բերված սպառազինությունը և զինտեխնիկան: Փաշինյանը որպես գլխավոր պայման շեշտել է գաղտնիության ապահովումը։ Սակայն նա չի մանրամասնել, թե որքանով է այդ պայմանի իրագործումը գործնականում հնարավոր 50-հոգանոց խմբերի դեպքում։
Փաշինյանն առանձին գրառմամբ նաև նշել է, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։
Civilnet











