«Դա խաղաղություն չէ». Քոչարյանը մերժում է Փաշինյանի խաղաղության թեզը և պահանջում երաշխիքային մեխանիզմներ

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը «Արցախը պահելու հնարավորություն էր»։ «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Հայստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի։ Համեմատեք այդ փաստաթղթի 9-րդ կետը Վաշինգտոնյան փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Բովանդակությամբ դրանք նույնն են, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք», - ասել է Քոչարյանը։
Քոչարյանը հայտնել է, որ մինչև 44-օրյա պատերազմի սկսելը մոտ մեկ տարի առաջ իր համար արդեն պարզ էր, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։
«Հայկական կողմը հրաժարվել էր բանակցություններից՝ ասելով, որ սկսում են զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը խաչ քաշեց ընդհանրապես որևէ սպասելիքների վրա։ Սրան գումարենք բանակի հրամկազմի վարկաբեկումը, ինչը բերեց բանակի թուլացմանը, և ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը», - հայտարարել է նա։
Նախկին նախագահի գնահատմամբ՝ բանակցային գործընթացը կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակի ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին (ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը լավն էր) մտներ բանակցային գործընթացի մեջ, ապա ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելու տարբերակով:
«Ինձ համար ամենաանհասկանալին այն է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 18-19-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուսական կողմի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվելու է պատերազմում, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր՝ բանակը ռեսուրս չունի պատերազմը շարունակելու։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2500 լրացուցիչ զոհ և 5000-6000 վիրավոր», – ասել է Քոչարյանը։
Նա հայտնել է, որ պատերազմի երկրորդ օրը Ղարաբաղում է եղել։ Քոչարյանի խոսքով՝ այն, ինչ ինքը տեսել է առաջին երկու օրերին՝ համոզվել է, որ պարտվելու ենք։
«Ամեն օր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին՝ անել ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր»», – ասել է նա։
Քոչարյանի պնդմամբ՝ «Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից»։
«Հայկական կողմը միակողմանի հրաժարվել է մասնակցել այդ պրոցեսին, հայտարարելով Պրահայում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Այդ հայտարարությամբ Հայաստանի միջնորդական դերակատարությունը զրոյացվել է, իսկ ռուսական խաղաղապահների ներկայությունը դարձել է անհասկանալի», – ասել է նա։
Քոչարյանը խոսել է իր ամենամեծ շոկից՝ 2021-ի ընտրությունների արդյունքներից։ Ըստ նրա՝ «պարտություն ու այդքան զոհեր բերած մարդը չպիտի ընտրվեր»։
«Ես վստահ էի, որ սա բերելու է նոր ու ավելի ծանր հետևանքների, և բերեց։ Բերեց Արցախի ամբողջական կորստի, Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիային։ Կարծում եմ, մեր հասարակության մոտ վերագնահատման լուրջ պրոցես գնաց, և հիմա ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում», – նշել է նա։
Խաղաղության թեզի վրա կենտրոնանալու վերաբերյալ Քոչարյանն ասել է. «Ինչո՞ւ են հիմա կենտրոնացել խաղաղության թեզի վրա։ Որովհետև էլ ուրիշ ասելիք չկա։ Պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն, ասելով, որ իրենք միակ ուժն են, որ խաղաղություն են բերել, իսկ մնացածը երկրորդական է։ Եվ դա ասում է մի մարդ, ով բերել է ամենից սարսափելի պատերազմը, ում կառավարման ժամանակ ունեցել ենք ամենամեծ թվով զոհերը, և այդ մարդն ասյօր փորձում է դառնալ խաղաղության աղավնի։ Մինչդեռ Հայաստանի համար ամենախաղաղ տարիները եղել են հենց իմ նախագահության ժամանակ»։
Նրա կարծիքով՝ պետք է «իրատեսական լինել, ինչը նշանակում է միջազգային կառույցներում պայքարել արցախցիների վերադարձի իրավունքն արձանագրելու համար»։
«Եթե մենք մնում ենք այն վիճակում, ինչպիսին որ այսօր կա Հայաստանում, իհարկե, որևէ հույս, որ որևէ ատյանում կարող ենք որևէ հաջողության հասնենք, չպետք է ունենանք։ Պետք է Հայաստանը փոխվի։ Բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է», – հայտարարել է Քոչարյանը։
Քոչարյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, համարելով, որ նա ունի ներքին չարության մի հսկայական ծավալ, և որ «նրա մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս»։
«Ինքն ամեն քայլափոխին պետք է կոնֆլիկտ ստեղծի, և այդ կոնֆլիկտով կարծես սնվում է, ինչ-որ էներգիա է ստանում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտացոլումն է։ Եթե ինքը լինի, մենք ներքին կայունություն չենք ունենալու»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը չի հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային որևէ մեխանիզմներով։
«Չեն կրակում, որովհետև Ադրբեջանն ինչ ուզում է, առանց կրակելու Փաշինյանը տալիս է։ Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից․ կուզենա՞, որ այդ խաղաղությունը լինի, կլինի, չի ուզենա՝ չի լինի։ Դա Ադրբեջանի նախագահն է՝ Ալիևը։ Դա խաղաղություն չէ», – եզրակացրել է նախկին նախագահը։
Երկրորդ նախագահն առաջարկում է Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի հետ մեկտեղ ստորագրել մի փաստաթուղթ, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։
«Լավագույն տարբերակը կլիներ, երբ երաշխավորողները լինեին ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը», – առաջարկել է Քոչարյանը։
Տեղադրություն
Civilnet










