Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է Երևան-Կապան-Երևան թռիչքների իրականացմամբ հայտնի «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Այս մասին գրում է Հետքը։
ՔԱԿ-ը «ՆովԷյրի» վկայականի գործողությունը կասեցրել է հոկտեմբերի 27-ին 6 ամսով՝ մինչև 2026-ի ապրիլի 27-ը:
Կոմիտեի այս քայլը գործող օրենսդրության պահանջ է: Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:
«ՆովԷյրը» ունի 1 օդանավ՝ չեխական արտադրության L-410UVP-E20 տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-4117):
***
Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները՝ օդանավի տեխնիկական սպասարկման համար։ Հաղորդագրության համաձայն՝ տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս։
Ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում 3–ի փոխարեն։ Դրանք թույլ էին տալիս մայրաքաղաքից Կապան և հակառակը հասնել 40 րոպեում։
Ինքնաթիռը 2025-ի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։
Civilnet











