ՀԾԿՀ-ն պատրաստվում է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պատրաստվում է դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան։ Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ի որոշման նախագծից։
Նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն գործընթացը սկսել է հիմնվելով Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025-ի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման վրա, որը տրվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից մշակվող որոշման նախագիծն ընդգծում է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կենտրոնական դերը՝ խնդիրները բացահայտելու գործում:
Հանձնաժողովին ուղղված՝ Պետրոսյանի գրություններն են հիմք հանդիսացել այն փաստարկի համար, որ 2025-ի հունվարին խափանվել է ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը, ինչի հետևանքով ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ սկսած 2018-ից։
Պետրոսյանի գրությունները մատնացույց են անում էներգետիկ համակարգի անվտանգության կամ հուսալիության կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման հնարավորությունը:
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։
Civilnet










