Գլխավոր Լրահոս

Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարում ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը

Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարում ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարում ընկերության լիցենզիայի դադարեցումը՝ հիմնավորված մոտ 10 իրավախախտումներով, որոնք հայտնաբերվել են իր կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում։

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից իրականացվող վարույթն ավարտվում է նոյեմբերի 18-ին, և ՀԾԿՀ-ն առաջիկայում պետք է նիստ գումարի։  

«Օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաև պետական լիազոր տեսչական մարմինների, լիազոր մարմինների վերահսկողական և ստուգողական նաև գործիքակազմերի կիրառման արդյունքում, վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիման վրա, օրենքով սահմանված կարգով, հավանական եմ համարում, որ հեցը կզրկվի իր լիցենզիայից։ Դրանից հետո արդեն հետագա ճակատագիրը կկանխորոշվի ՀԾԿՀ ընդունած որոշման, որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով»,- ասել է Պետրոսյանը։

Պետրոսյանը մատնանշել է տվյալների հաշվետվությունների արժանահավատության խնդիրը, պնդելով, որ ՀԷՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել», ինչն ազդել է սակագնի ձևավորման վրա։

«Երկրորդը՝ ՀԷՑ-ի իր բնականոն գործունեությունը իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացներն արել է խիստ կողմնակալ, խտրական գնումների գործընթացների, այդ թվում էլ ՀԾԿՀ կողմից սահմանված նորմերին խիստ հակասող ձևաչափերով՝ դրանով ստեղծելով տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա և գերշահույթների միգրացիա է կատարել ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ։ Եվ տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերն իրականացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աֆիլիացված տնտեսական միավորների կողմից՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը և դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը»,- ասել է նա։

Որպես երրորդ խնդիր Պետրոսյանը նշել է ՀԷՑ-ի «իրական տեխնիկական էներգետիկ կարողությունների, վատթար, ծայրահեղ վատթար վիճակի թաքցնումը» կառավարությունից, ՀԾԿՀ-ից և հանրությունից, ինչպես նաև «տասնյակ միլիոնավոր կիլովատ ժամ քանակ էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառությունը», որը մոնետիզացվել է տնտեսության տարբեր ճյուղերում։

Պետրոսյանը հավելել է, որ բոլոր մատնանշված փաստերով այս պահին նախաձեռնված են քրեական վարույթներ, և շուրջ մեկ ու կես տասնյակ քրեական վարույթ կա նախաձեռնված հակակոռուպցիոն կոմիտեում և քննչական կոմիտեում նախաքննություն է իրականացվում։

***

Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։

ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում