Գլխավոր Լրահոս

Ղազախստանից ներկրված ցորենը 4-րդ կարգի է

Ղազախստանից ներկրված ցորենը 4-րդ կարգի է

Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորը հոկտեմբերին երկարաժամկետ պայմանագիր է կնքել հայ սպառողներին պարենային հացահատիկ մատակարարելու վերաբերյալ, որը նախատեսում է ամսական մոտ 15,000-20,000 տոննա ցորենի մատակարարում։ Այս մասին հայտնում են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Փորձնական առաջին խմբաքանակը, որը Հայաստան է հասել նոյեմբերի 8-ին, բաղկացած է 4-րդ կարգի պարենային ցորենից։  

4-րդ կարգի ցորենը սովորաբար խառնում են բարձր կարգի ցորենի հետ, որպեսզի ստանան միջին որակի ալյուր։ Տալիս են կենդանիներին՝ որպես սննդի բաղադրիչ։ Որոշ դեպքերում օգտագործվում է սպիրտի, օսլայի կամ տեխնիկական ալյուրի արտադրության մեջ։

Անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ 

«Պրոդկորպորացիա» Ազգային ընկերության ԲԸ-ի կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ ղազախական հացահատիկի մատակարարումը Հայաստան պարենային դիվանագիտության օրինակ է։ 

«Այս իրադարձությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև պատմական նշանակություն, քանի որ հեռանկարային հնարավորություններ է բացում ուղիղ տարանցման և փոխադարձ առևտրի զարգացման համար։ Ղազախական հացահատիկի արտահանման միջոցով մենք ստեղծում ենք համագործակցության նոր կամուրջներ և նպաստում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև վստահության ամրապնդմանը»,- նշել է «Պրոդկորպորացիայի» ներկայացուցիչը։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այժմ ազգային հացահատիկային օպերատորը բանակցություններ է վարում նոր հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Հեռանկարում դեպի Երևան հացահատիկի բեռնափոխադրումների ծավալները կարող են աճել։

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։

***

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Հայաստանը ներմուծվող ցորենից բարձր կախվածություն ունեցող երկիր է: 2024-ի տվյալներով, սեփական արտադրությունը կազմել է ներքին պահանջարկի միայն փոքր մասը` 30% կամ շուրջ 140 հազար տոննա: Մինչդեռ ընդհանուր սպառումը տարեկան մոտ 450-460 հազար տոննա է։ Ուստի ցորենի ներմուծումը կազմել է շուրջ 316 հազար տոննա։ Ընդ որում, դրա գրեթե ողջ ծավալը ստացվում է Ռուսաստանից։ Այժմ Ղազախստանը Հայաստանի համար կարող է դառնալ ցորենի երկրորդ խոշոր մատակարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում