Գլխավոր Լրահոս

Հեռուստաընկերությունները տապալեցին քվեների ամփոփումը

Հայաստանյան հեռուստալրատվամիջոցները հերթական անգամ ձախողեցին քվեարկությունից հետո ընտրությունները լուսաբանելու իրենց պարտքը։ «Առաջին լրատվականը» թղթակիցներ ունի հանրապետության բոլոր մարզերում։

Գրեթե բոլորում Հ1–ի թղթակիցները ներկա են եղել քվեարկության ընթացքին։ Իսկ արդյունքների ամփոփման ժամանակ էկրանից 1991թ. նախագահի ընտրությունների թեկնածու Սոս Սարգսյանի հերոսը «շվարած» նայում է էկրանի ներքևում ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքներին։ ATV-ն նույնպես ԿԸՀ-ի տվյալներն էր ներկայացնում, բայց ռուսական եկեղեցու երեք խաչերի ֆոնին։ «Արմնյուզը» հրավիրել է «Գելափի» ներկայացուցիչներին, որոնք դատում են ընտրական գործընթացների մասին։ Որքան տեղյակ եմ, այդ զուտ տեղեկատվական հեռուստաընկերությունը թղթակիցների խնդիր չունի։ Սակայն ներկայացնում է զուտ ԿԸՀ պաշտոնական տվյալները։

«Շանթի» «Հորիզոնը» ոչ միայն հենվում է զուտ ԿԸՀ տվյալների վրա, այլև ճիշտ չի ներկայացնում դրանք, ընդ որում՝ ոչ միայն հեռուստաընկերությամբ, այլև իր պաշտոնական կայքով։ Ըստ «Շանթի» լրատվական ծրագրի՝ պաշտոնական արդյունքներով վերջին տեղը գրաված Արման Մելիքյանը փետրվարի 19-ի ժամը 1-ի դրությամբ 3-րդ տեղում է 11 740 ձայնով կամ 5,7 տոկոսով։ Հետաքրքիր է, որ գրեթե նույն իրավիճակն է առաջատար կայքերի մեծ մասում։ News.am-ն ու tert.am-ը տարբեր ժամերի ներկայացնում են միայն պաշտոնական տվյալները և ընդդիմադիր թեկնածուի շտաբի ներկայացուցիչների արձագանքները։ Tert.am-ը գիշերվա 22։34-ին ներկայացնում է էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ըստ որոնց` հաղթում է Սերժ Սարգսյանը։ Փոխարենը civilnet.am-ը, ilur-ը 1in.am-ը և նույնիսկ ոչ լրատվական Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կայքը տեղամաս առ տեղամաս ներկայացնում են քվեարկության պատկերը։ Ամեն տեղամասում չէ, որ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց, դիցուք, հեռուստաընկերությունները կարող էին մարզային տվյալներ ներկայացնել։ Այսինքն, պետք է տեղեկություններ հաղորդեին։ Քվեարկությունից հետո, եթե որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, չկա առավել հրատապ նորություն, քան քվեարկության պատկերը, որում կարող է երևալ լրատվամիջոցի աշխատանքը։

Որքան տեղյակ եմ, օրենքը հնարավորություն է տալիս լրագրողներին անձամբ ներկա գտնվել քվեարկության ամփոփման ընթացքին։ Օրենքը որևէ խոչընդոտ չի ներկայացնում քվեարկության արդյունքները տեղամասից տվյալ լրատվամիջոցին հաղորդելու համար։ Հետաքրքիր են քվեարկության արդյունքների պատկերի վերաբերյալ հատկապես կայքերի վերնագրերը։ Aravot.am-ը, 1in.am-ը, hraparak.am-ը, ilur.am-ը, yerkir.am-ը օպերատիվ ներկայացնում են որոշ տեղամասերի քվեարկության պատկերը` «Առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է», «Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթո՞ւմ է», «Աբովյանում հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը» խորագրերով։ Փոխարենը, ըստ circle.am-ի, Հայաստանի թիվ 1 լրատվամիջոց news.am-ը փետրվարի 18-ի ժամը 23:55-ից (երբ արդեն հայտնի են տեղամասերից առնվազն կեսի տվյալները) մինչև փետրվարի 19-ի ժամը 1։17-ը որևէ տեղամասի տվյալ չի ներկայացնում։ Փոխարենը կայքում կան այսպիսի վերնագրեր՝ «Հայաստանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը և դա հայտնի է բոլորին. Րաֆֆի Հովհաննիսյան» (Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ հիմքեր ունի այսպիսի հայտարարության համար, կայքի ընթերցողին պարզ չէ), «ՀՀԿ-ի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանին. Հայաստանի հասարակությունն իր հաղթական ձայնը տվել է գործող նախագահին» (այս դեպքում գոնե պարզ է, թե վերնագրի ակունքները որտեղ են՝ կայքը ժամը մեկ ներկայացնում է ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները, ըստ որոնց առջևում է Սերժ Սարգսյանը)։

Հասկանալի է, որ քվեարկության արդյունքների ամփոփման վերջին խոսքը ԿԸՀ-ինն է, բայց լրագրողի համար խայտառակություն է, երբ արդյունքների ամփոփման բոլոր փուլերում է այդ խոսքը ԿԸՀ-ինը։ Իսկ որտե՞ղ են լրագրողները, գուցե քվեների ամփոփման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի կամ Պարույր Հայրիկյանի կողմնակիցները կեղծո՞ւմ են քվեարկության պատկերը։ Ինչո՞ւ պետք է անընդհատ վկայակոչել ԿԸՀ-ին։ Այն էլ ժամը մեկ։ Չէ՞ որ ԿԸՀ-ն նույնպես ներկայացնում է նախնական տվյալներ։ Ի՞նչ կլիներ, եթե հեռուստաընկերություններն իրենք ներկայացնեին այդ նախնական տվյալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում