«Մետալալոմ» ՀՕՊ ձեռք է բերել նաև Նիկոլ Փաշինյանը

Հայկ Ղազարյան
Հայաստանի նախկին իշխանության թողած հակաօդային պաշտպանության համակարգը մետալալոմ [մետաղի ջարդոն] էր, իսկ դաշնակիցներն անտեսում էին դրանք նորացնելու հայցերը. Ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված քննադատությանը։
Նոյեմբերի 7-ին «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե չի հասկանում` ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
«ՍՍ-ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։ Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ»,- գրել էր Փաշինյանը։
Մայոր Արամո Եգանյանն ասում է, որ Արցախի Պաշտպանության բանակի հիմնական ՀՕՊ միջոցը «Օսա»-ներն էին, «որոնց վրա հույս էին դնում»։
Եգանյանը, որը 2020-ի պատերազմի ժամանակ «Տոր-Մ2» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատար էր, իսկ 2016-ի մարտերի ժամանակ ղեկավարել է «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային մարտկոց, ասում է, որ Հորդանանից բերված «Օսա»-ները նույն սովետականն էին և ոչնչով չէին տարբերվում։
«Մեր ՀՕՊ-ը ռուսական զորատեսակի կիրառումից հանված, կոնսերվացիայի ենթակա սպառազինություն էր։ Նույնն էին Հորդանանից ինչ-որ ճանապարհներով բերված «Օսա»-ները»,- ասում է Եգանյանը։
2019-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են զորամասերից մեկում նրան ներկայացնում ՀՀ զինված ուժերը համալրած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրները։ Ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով այս մասին պատմող տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»։
«Օսա ԱԿ»-ների ձեռբերումից հետո ինը ամիս անց սկսվեց պատերազմը։
Ոլորտի պատասխանատուներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, Սիվիլնեթի հետ զրույցում ասաց, որ ինը ամսում անհնար էր մոդեռնիզացիա իրականացնել, որի մասին նշել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին քննադատում է ժառանգություն թողած ՀՕՊ համակարգի համար, որը նրա խոսքով՝ ջարդոն էր։ Մինդեռ հենց նա էր «Օսա-ԱԿ» համալիրներն ընդունելու օրը գրել՝ անխոցելի ենք դարձնում մեր օդային սահմանները։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2020-ի հունիսին հայտարարեց, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը դեռ 2007-ից քննարկում էր նման համալիրների ձեռքբերման գաղափարը, սակայն տարբեր պատճառներով գործարքը երկար ժամանակ չէր կայանում։ Ըստ Մինասյանի՝ որոշում էր ընդունվել Հորդանանից գնել «Օսա ԱԿ» համալիրներ, և դա իրականացվել է արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ զենքի մատակարարման ոլորտի գործարար և Պաշտպանության նախարարության հիմնական մատակարարներից մեկի՝ Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») միջոցով։

Միքայել Մինասյանը նշել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հորդանիայից գնել է «Օսա ԱԿ» համալիրներ՝ 35 միավորի համար վճարելով 27 միլիոն դոլար։
Իսկ արդյոք «Օսա» համակարգերը խոցվե՞լ են 44-օրյա պատերազմի առաջին ժամերին։
Ըստ Եգանյանի՝ քանակապես շատ մեծ խոցումներ են եղել առաջին իսկ պահից սկսած. «Որովհետև հետախուզական տվյալները առկա են եղել «Օսա-ԱԿ» դիվիզիոնների տեղակայման վայրի վերաբերյալ, կանխատեսելի ու տրամաբանական է, որ հակառակորդին շատ հեշտ կհաջողվի խոցել տվյալ դիվիզիոնների առկա սպառազինությունը և մարդկային կորուստներ պատճառել»։
Եգանյանի կարծիքով՝ եթե «Օսա»-ները չխոցվեին պատերազմի սկզբում, դրանք միևնույն խոցվելու էին մի քանի փորձից հետո.«Եթե զինված մարդիկ հարձակվեն քեզ վրա ու դու երկընտրանքի առաջ կանգնած լինես՝ կամ դանակով պաշտպանվես կամ սպասես քեզ սպանեն․․․ ամեն դեպքում ելքը լինելու է քո մահը, ուղղակի մի դեպքում փորձ է արվելու կորուստ պատճառել։ Կոպիտ ասած, այս հարցը նման է դրան։ Այսինքն՝ ինքնաոչնչանալ տվյալ մարտական մեքենաներով՝ փորձելով մաքսիմալ կորուստներ պատճառել հակառակորդին, ինչը կհաջողվի, կամ չի հաջողվի»
Պաշտպանության նախարարության ներկացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 2020-ի հունիսի «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել էր, որ Հորդանանից ձեռք բերված «Օսա-ԱԿ» համալիրներն ու դրանց հետ գնված մի քանի հարյուր հրթիռները Հայաստանի պետական բյուջեին արժեցել են յուրաքանչյուրն առանձին՝ շուրջ 600 հազար դոլար՝ ներառյալ դրանց վերանորոգումը Հայաստանի տարածքում։
Ավելի մանրամասն տե՛ս՝ Ռուս մասնագետները չեն հավատացել, որ 2016-ին «Օսա»-ով անօդաչուներ ենք խոցել․ ՀՕՊ զորքերի սպա
Թեմա
Civilnet










