Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
Միխեիլ Գվաձաբիա
Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներ Բադրի Ջափարիձեի և Մամուկա Խազարաձեի համար սահմանել է 1 մլն լարի (370 հազար դոլար) գրավ՝ նոյեմբերին հայտարարված դիվերսիայի գործի շրջանակում։ Այս պահին նրանք, ևս վեց ընդդիմադիր առաջնորդների հետ, ներգրավված են ենթադրյալ դիվերսիայի գործով։
Դատավոր Պիկրիա Սիկտուրաշվիլին շաբաթ օրը հայտարարել է որոշման մասին՝ բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը։ Վրաստանի հանրային հեռարձակողի (GPB) փոխանցմամբ՝ մեղադրող կողմը պնդել է, որ գրավը կկանխի մեղադրյալների փախուստը կամ նոր հանցագործության կատարումը։
Հինգշաբթի օրը գլխավոր դատախազության կողմից հայտարարված այս քննությունը Վրաստանի ընդդիմադիրների դեմ իրականացվող հերթական գործընթացն է. նրանցից մի քանիսը արդեն դատապարտված են տարբեր մեղադրանքներով։
Նոր գործի շրջանակում ընդդիմադիր գործիչներին մեղադրանք է առաջադրվել մի շարք ծանր հանցագործությունների համար՝ պետական հեղաշրջման փորձ, դիվերսիա, ինչպես նաև օտար երկրի կամ կազմակերպության թշնամական գործունեությանը աջակցություն։ Այս հանցագործությունների համար սահմանված պատժաչափը տատանվում է երկուից մինչև տասնհինգ տարվա ազատազրկման սահմաններում։
Շաբաթօրյա դատական նիստից հետո «Լելո»-ի համահիմնադիր Բադրի Ջափարիձեն, որը Մամուկա Խազարաձեի հետ միասին, մեղադրվում է դիվերսիայի մեջ (որը ենթադրում է երկուից չորս տարվա ազատազրկում), գործընթացը բնորոշել է որպես «քաղաքական ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի լավագույն օրինակ»։
«Գլխավոր դատախազության ներկայացրած այս խայտառակ մեղադրանքի տակ իմ և Մամուկա Խազարաձեի դեմ բացարձակապես ոչ մի ապացույց, ոչ մի վկա չկա», — նշել է նա։
Գործը հայտարարվեց այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը փորձում է սահմանադրական հայցի միջոցով արգելել հիմնական ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասին՝ նրանց մեղադրելով հակապետական գործունեության մեջ։
Գլխավոր դատախազությունը ութ քաղաքական գործչի մեղադրել է 2022 թվականից ի վեր իրականացվող լայնածավալ, բազմաշերտ հանցավոր սխեմա ղեկավարելու մեջ՝ իբր Վրաստանի և Ռուսաստանի կապերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու, ինչպես նաև օտարերկրյա կառավարություններին տվյալներ փոխանցելու համար, ինչը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է վրաց քաղաքացիների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառմանը։
Նույն քաղաքական գործիչներին նաև մեղադրել են 2024 թվականի ընտրություններից հետո և ԵՄ ինտեգրման գործընթացի դադարեցումից հետո բռնի ցույցերի «ռադիկալացման» ու ֆինանսավորման մեջ։
Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի խոսքով՝ ընդդիմադիր առաջնորդների գործողությունների ամբողջական նպատակն իշխանությունը տապալելն է եղել։
Ընդդիմությունը գործը դատապարտել է՝ այն բնորոշելով որպես կեղծ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, որը մերժել է իշխող կուսակցությունը։
«Լելո»-ի հիմնադիրների հետ մեկտեղ գործով անցնում են նաև «Դրոա» կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիան, «Գիրչի — Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Ստրատեգիա Աղմաշենեբելի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն, ինչպես նաև «Ահալի»-ի համահիմնադիրներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան։ Նույն մեղադրանքով ներգրավվել է նաև Վրաստանի երրորդ նախագահ, նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին։
Բոլոր նշված անձինք, բացի Բադրի Ջափարիձեից և Մամուկա Խազարաձեից, արդեն գտնվում են կալանքի տակ։ Սաակաշվիլին դեռ 2021 թվականից է բանտարկված մի շարք մեղադրանքներով, որոնցից մի քանիսով նա արդեն ստացել է երկարաժամկետ պատիժներ, իսկ մյուս ընդդիմադիրները վերջին ամիսներին ստացել են մի քանի ամսվա ազատազրկման վճիռներ՝ հակաընդդիմադիր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու համար։
Երկու «Լելո»-ի ղեկավարներն էլ նախկինում կալանավորվել էին նույն բոյկոտի համար, սակայն սեպտեմբերին ազատ են արձակվել նախագահի ներումով՝ հաշվի առնելով կուսակցության մասնակցությունը տեղական ընտրություններին, որոնք բազմաթիվ այլ կուսակցություններ բոյկոտել էին։
Ինչ վերաբերում է Էլենե Խոշտարիային՝ նա սեպտեմբերին ձերբակալվել էր Թբիլիսիի քաղաքապետի ընտրական պաստառի վրա գրաֆիտի նկարելու համար և մինչ այժմ գտնվում է կալանքի տակ՝ հրաժարվելով վճարել իր նկատմամբ սահմանված գրավը՝ բողոքի ձևով։
Նշանակալի է, որ ընդդիմադիր առաջնորդների դեմ հարուցված այս վերջին գործով չի ներգրավվել Գիորգի Գախարիան, որի «Վրաստանի համար» կուսակցությունը վերջերս հայտարարել է խորհրդարանի բոյկոտը դադարեցնելու մասին։
Civilnet











