Սիրանուշ Ադամյան
Հայաստանում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 66,4% և 62,5%: Այս տվյալները ստացվել են «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտությամբ, որի արդյունքները հրապարակվել են երեքշաբթի։
Հետազոտությունն անցկացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing: CATI) հոկտեմբերի 5-ից 25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 հոգի։
Կառույցներից գոհունակություն
Ըստ հետազոտության արդյունքների՝ բարձր է նաև գոհունակությունը Ոստիկանությունից՝ 54,6%։ Հարցվածներն առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 39,5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 50,0%-ը։
Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82,5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67,1%։ Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:
Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդիկ՝ 62,7%:

Քաղաքական հիմնախնդիրներ
Հարցվածների 51,8%-ի կարծիքով, ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 62,7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն։
Հայաստանի արտաքին քաղաքականությունից դժգոհ են ցածր սոցիալական ապահովածությամբ անձինք՝ 68,3%, իսկ ներքին քաղաքականությունից նույն խմբի 75,4%-ը։ Այսինքն, որքան մարդկանց սոցիալական ապահովածությունը ցածր է, այնքան դժգոհությունը մեծ է։
Հարցվածների 69,2%-ի կարծիքով բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության, իսկ 30,5%-ի կարծիքով՝ հնարավոր է։ Հատկանշանական է, որ Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում 18-44 տարեկանների ավելի քան 70%-ը։

Հարց է հնչել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ 65,1%-ի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն, իսկ 33,7%-ի կարծիքով՝ հնարավոր կլինի հասնել խաղաղության։
Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է համարել հարցվածների 35,1%-ը։ Հարցվածների 49,0%-ը պատասխանել է, որ կմիանա եկեղեցու կողմից համախմբման կոչին՝ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները։
Հարցվածների 80,2-%-ը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բանակի բյուջեի և թվաքանակի կրճատմանը, իսկ 19,1%-ը՝ կողմ։ Ինչ վերաբերում է Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, ապա հարցվածների 64,0%-ը դրան բացասական է վերաբերվում, իսկ 32,1%-ը՝ դրական։
Հարցվածների 78,6%-ը բացասական է վերաբերվում նախկին իշխանությունների վերադարձին, իսկ 18․3%-ը՝ դրական։
Հարցին՝ ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը խաղաղության դիմաց փոխելուն, հարցվածների 91,3%-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում։ Հարցվածների 48,5%-ի կարծիքով, Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, 17,4%-ի կարծիքով՝ խաղաղ հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցությունը, 15,0%-ի կարծիքով՝ Հայաստանի անկախության թուլացումը և կախվածության մեծացումը, իսկ 13․7%-ի կարծիքով՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումը։

Արտաքին հարաբերություններ
Հարցվածների 37,8%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի Ռուսաստանի հետ։ 18,3%-ի կարծիքով այդ հարաբերությունները պետք է ձևավորվեն ԱՄՆ-ի հետ, 17,5%-ի կարծիքով՝ Իրանի հետ, 15,9%-ի կարծիքով՝ Եվրամիության երկրների, իսկ 5,4%-ի կարծիքով՝ Հնդկաստանի հետ։
Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերությունները կարևորում են հատկապես գյուղաբնակները՝ 42,8%, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածություն ունեցողների 54,2%-ը։
Civilnet











