Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել հեղափոխության օրերին Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանի զրույցից։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի անունից Կարեն Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում փորձել է իրեն համոզել՝ դադարեցնել հեղափոխական գործողությունները, ինչի դիմաց իրեն ազատ կարձակեն։ Փաշինյանի խոսքով՝ Կարապետյանն այդ մասին ուղիղ չի ասել, բայց ակնարկել է։
«Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար, և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»,- նշեց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Կարեն Կարապետյանը գնացել և վերադարձել է պատասխանով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Փաշինյանն այդ առաջարկն էլ է մերժել։
«Ես ասել եմ՝ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը։ Որից հետո վերադարձել է և ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ՝ դա ընդունելի տարբերակ չի, և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմում մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է՝ «ընդունելի է այդ պայմանը»։ Սա է եղել մեր խոսակցությունը մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ»,- պատմեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև տեղեկություններին, ըստ որի՝ հեղափոխության օրերին իրենց փոխվարչապետի պաշտոն են առաջարկել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։
«Փոխվարչապետի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ ակնարկ և խոսակցություն չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ՝ իրենք նման բան քննարկել են, թե չէ, բայց ես չէի էլ թույլ տա, որ այդպիսի խոսակցություն տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ հեղափոխության օրերին օտարերկրյա դեսպանները ցանկացել են հանդիպել իր հետ՝ նպատակ ունենալով աջակցել, սակայն ինքը մերժել է։
«Ես ասել եմ. -անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղեմ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը խոստացավ հետաքրքրվել, որդյոք իր և Կարեն Կարապետյանի՝ ԱԱԾ մեկուսարանի խոսակցությունը ձայնագրվել է, թե ոչ։
Civilnet











