Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պնդումները, թե Հայաստանը Եվրամիության աջակցությամբ մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից և գնել ուկրաինականը։
«Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է», – հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, որ Երևանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ բարձր գնով, որի տարբերությունը, ըստ նույն աղբյուրի, նախատեսվում է փոխհատուցել ԵՄ միջոցներով։
Նոյեմբերի 6-ին 1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
***
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Civilnet











