Ինչպես են բուհերը հետևում շրջանավարտների հետագծին աշխատաշուկայում

Լիա Ավագյան
Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի պետական համալսարանը տարիներ ի վեր վարում են ուսանողների շրջանավարտների զբաղվածության վիճակագրություն, թեև ընդհանուր առմամբ երկրում բուհ-աշխատաշուկա կապը թույլ է։ Որքանո՞վ է կրթական համակարգը տեղեկացված իր շրջանավարտների հետագա ճակատագրի մասին, որքանո՞վ են կրթական ծրագրերը համահունչ աշխատաշուկայի պահանջներին, ի՞նչ են տալիս ուսանողների աշխատանքի զբաղվածության տվյալները բուհերին, ինչքանո՞վ է կարևոր վիճակագրությունը՝ կրթական գործընթացը կազմակերպելու և շուկային հարմարեցնելու համար։
Հայստանում ֆրանսիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանի խոսքով՝ առանց իրական տվյալների բարեփոխումները հաճախ կտրված են լինում իրականությունից։ Տեղեկատվությունը կարևոր է թե՛ կրթական քաղաքականության մշակման պետական մակարդակում, թե՛ բուհական մակարդակում՝ կրթական ծրագրերի արդիականացման, ուսանողների զբաղվածության գնահատման և աշխատանքի շուկայի պահանջներին արձագանքելու համար։
«Բնականաբար, եթե չունես այս տվյալները, կարծես թե ստացվում է, որ դու իրողությունից, իրականությունից կտրված ինչ-որ բարեփոխումներ պետք է իրականացնես, որովհետև տվյալահեն բարեփոխումները ամենակարևորն են»,- նշում է Զարուհի Սողոմոնյանը։

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տվյալների հավաքագրումն իրականացվում է ստեղծումից ի վեր, որը, ըստ պրոռեկտորի, կրթական որակի ապահովման հիմնական գործիքներից է։ Բուհը պարբերաբար հարցումներ է անցկացնում շրջանավարտների և ուսանողների շրջանում, ներգրավում աշխատաշուկայի ներկայացուցիչներին՝ կրթական ծրագրերը գնահատելու և բարելավելու նպատակով։
Պրոռեկտորը նշում է, որ տվյալների հավաքագրումն ապահովում է բուհերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ դարձնելով կրթական գործընթացը ավելի բաց և վստահելի․ «Մենք յոթ գործընթաց ենք իրականացնում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ որ կարիքը առաջնահերթ վերցնենք»։
Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի խոսքով՝ բուհում տվյալների հավաքագրումն իրականացվում է բազմակողմանի՝ ներառելով շրջանավարտների, գործատուների և ուսանողների հետ հետադարձ կապի գործընթացներ, ինչպես նաև պրակտիկայի ընթացքում գնահատումներ՝ ուսանողների գիտելիքի կիրառելիությունը չափելու համար։ Այս մոտեցումը թույլ է տալիս համալսարանին վերահսկել պրակտիկայի որակը և առավել թիրախային մոտեցում ցուցաբերել շուկայի պահանջներին։

«Եթե դու ունես տեղեկատվություն, որ քո շրջանավարտը տեղավորվել է իր մասնագիտությամբ բարձր վարձատրվող աշխատանքի, այսինքն մրցունակ է շուկայում, ուրեմն դու արդյունավետ ես քո կրթական ծրագրերում։ Եթե տեսնում ես, որ այնտեղ այս կամ այն դրական կամ բացասական միտումներն են, դա քեզ հուշում է, թե դու ինչ փոփոխություններ պետք է կատարես քո կրթական ծրագրերում։ Երկրորդ կարևոր ասպեկտը աշխատաշուկայի մասին տեղեկատվություն ստանալն է»,- ասում է Հովհաննիսյանը։
Պրոռեկտորը վստահեցնում է, որ Երևանի պետական համալսարանը պարբերաբար իրականացնում է իր կրթական ծրագրերի մշտադիտարկում․ «Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր կրթական ծրագրերը մրցակցային լինեն և դրանց էֆեկտիվությունը դիմորդների շրջանում կասկած չհարուցի։ Որպես հետևանք մենք ունենանք շատ դիմորդներ»։
Վիճակագրության վարումն արդյոք պե՞տք է պարտադիր դառնա բոլոր բուհերի համար, Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը կարծում է՝ այո։
«Կասեմ այո, բայց կասեմ նաև, որ շատ կարևոր է ոչ միայն որոշման կայացումը, այլ նաև վստահ լինել, որ, օրինակ, հավաքագրվող տվյալների մեթոդաբանությունը, մասնակցության տոկոսները հստակ նշված են»,- ասում է նա։
Civilnet










