Մինչև տարեվերջ պետք է թղթի վրա նկարագրենք «Թրամփի ուղու» բոլոր մանրամասները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2026-ի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարությունը։ Այս նախագիծն իրականացվելու է, և շատ արագ։ Այն պայմաններով, ինչ Վաշինգտոնի հռչակագրում գրված է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման պլանները միշտ ժամկետների շեղումներ են ունենում։ Բայց, ըստ վարչապետի, իրենք ամեն բան կանեն, որ ժամանակացույցը հստակ աշխատի։ «Երկաթուղին անցնելու է Խորհրդային ժամանակներին գոյություն ունեցաղ երկաթուղու երթուղով։ Գազամուղն ու էլեկտրահաղորդակցման գծերն անցնելու են երկաթուղուց էականորեն հյուսիս»,- ասաց Փաշինյանը։
***
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից է Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը։ Այն նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար ստեղծելով «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։
Civilnet











