Գլխավոր Լրահոս

«Մետալալոմ» եզրույթը ոչ մասնագիտական է և անթույլատրելի. ՀՕՊ սպա

«Մետալալոմ» եզրույթը ոչ մասնագիտական է և անթույլատրելի. ՀՕՊ սպա

Վերջին օրերին հայկական հակաօդային պաշտպանության թեման դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Քննարկումն սկսվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից։ Նա նոյեմբերի 7-ին «Իմնեմնիմի» փոդքասթում ասել էր, թե չի հասկանում, ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։ Նրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Ֆեյսբուքում գրեց, որ նախկին իշխանության թողած հակաօդային պաշտպանության համակարգը «մետալալոմ» (մետաղի ջարդոն) էր, իսկ դաշնակիցները անտեսում էին դրանք նորացնելու հայցերը։

ՍիվիլՆեթը մի քանի գրավոր հարց է ուղարկել Արամո Եգանյանին, այդ թվում՝ ընթերցողների, որոնք ծագել էին «Մետալալոմ» ՀՕՊ ձեռք է բերել նաև Նիկոլ Փաշինյանը» նյութից հետո։ Արամո Եգանյանը 2020-ի պատերազմի ընթացքում «Տոր-Մ2» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատարն էր, իսկ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ «Օսա-ԱԿ» մարտկոցի հրամանատարի տեղակալ։

«Օսա-ԱԿ»-ն՝ 2016-ի ապրիլի 4-ին երկու ԱԹՍ խոցելուց հետո։ Լուսանկարը՝ Եգանյանի ֆեյսբուքյան էջից։

– Ընդհանուր առմամբ, մեր հակաօդային պաշտպանության համակարգը կարելի՞ է գնահատել որպես «մետալալոմ»։

– Կարծում եմ, այդ հարցի պատասխանը և առհասարակ հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության վերաբերյալ գնահատականը պետք է տա տվյալ զորատեսակի հրամանատարը, այսինքն՝ Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ զորքերի պետը։ Որքան կհամապատասխանի այդ մարդու տված պատասխանը իրականության հետ, այլ հարց է։ Ներկայում տեղյակ չեմ, թե ՀՕՊ ինչ սպառազինությամբ են համալրված Հայաստանի զինված ուժերը։

Կարող եմ ասել հետևյալը. նախ՝ «մետալալոմ» եզրույթը ոչ մասնագիտական է և տվյալ կոնտեքստում գործածելու առումով անթույլատրելի։ Վերջիվերջո, այդ սպառազինությունը մի քանի տասնամյակ մարտական հերթապահություն էր իրականացրել, մարտական խոցումներ իրականացրել և, կարծում եմ, դեռ շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել։ Այլ հարց է, թե ինչ ունենք և ինչ կարող էին ունենալ, ինչ արդյունքներ ունեցանք և այլ սպառազինության դեպքում ինչ արդյունքներ կարող էինք ունենալ։

«Հադրութի շրջան, Ակնաղբյուր և Ուղտաձոր գյուղերի դիմացի բարձունքներից մեկում: Երկու օր անց` 2016-ի ապրիլի 4-ին այս հաշվարկը երկու ԱԹՍ է խոցելու»։ Գրառումը և նկարը՝ Եգանյանի ֆեյսբուքյան էջից։

– Կա կարծիք, որ վարչապետի «մետալալոմ» արտահայտությունը վերաբերում էր հենց Ս-300 համակարգերին։ Համաձա՞յն եք այդ մեկնաբանության հետ, և եթե ոչ, ապա ո՞ր ՀՕՊ միջոցները կարելի է նման կերպ բնութագրել։

– Չգիտեմ և կարծում եմ, քչերը կարող են կռահել, իրականում ինչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը։ Մի բան ակնհայտ է՝ ռազմական ոլորտի հետ կապված հարցերում, այսինքն այն հարցերում, որոնք ենթադրում են պատասխանատվություն, նախաձեռնություն, կամք և հստակ որոշումներ, այդ մարդը ընտրել է բացարձակ չեզոք դիրք։ Այդ իսկ պատճառով անիմաստ է քննարկել տվյալ մեկնաբանությունը, որի միջոցով Հայաստանի ղեկավարը բնութագրում է իր իսկ երկրի սպառազինությունը։

– Ի՞նչ պատճառով կարելի է 2020-ին հայկական կողմի տրամադրության տակ գտնվող «Օսա-ԱԿ» համալիրները հնացած և ոչ արդիական համարել. չգործածենք «մետալալոմ» բառը։

– Կարելի է երկար թվարկել այն տեխնիկական չափորոշիչները, որոնք թույլ կտան տվյալ սպառազինությունը համարել ժամանակակից հակաօդային մարտի համար ոչ արդիական։ Առաջին «Օսա» մարտական մեքենաների վրա աշխատանքները սկսվել են 1960-ին, իսկ շահագործմանն են հանձնվել 1971-ին։

Այժմ մենք քննարկում ենք, թե որքանով մեզ հաջողվեց կանխել 44-օրյա պատերազմում հակառակորդի ավիացիայի հարվածը. այն հարվածները, որոնք տեղի են ունեցել 2020-ին գերժամանակակից ավիացիոն միջոցներով, որոնց դեմ կանգնած էր կրակային միջոց, որի արտադրությունը սկսվել էր ուղիղ 60 տարի առաջ։ Կարծում եմ, ամեն ինչ ավելի քան պարզ է։

– Մեր ընթերցողների մի մասը պնդում է, որ «Օսա»-ները 2020-ին արդյունավետ էին, խոցում էին նաև անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ Բայրաքթարներ։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ կարծիքներին։

– Իրականում այդպես էլ կար։ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները գրանցել են խոցումներ, ինչպես պատերազմի, այնպես էլ դրանից առաջ։ Մեր ծառայակից ընկերներից մեկը՝ Ռաֆիկ Օռդոյանը, բավական հաջող արդյունք է գրանցել՝ խոցելով մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ։ 2016-ին ինձ է բախտ վիճակվել զգալ այդ սպառազինության ուժը երկու ԱԹՍ խոցելիս։ Այսինքն՝ այդ սպառազինությունը ունի իր ավանդը մեր օդային սահմանների պաշտպանության և պահպանության գործում, և այդ ավանդը չգնահատել, անվանելով այն «մետալալոմ»՝ պարզապես անգրագիտություն է, որը բնորոշ է գործից չհասկացող մարդուն։ Այլ հարց է, որ ժամանակակից մարտը այլ պահանջներ է թելադրում, և վաղուց պետք էր գնալ բանակի թվայնացման։

– Դուք ասել էիք, որ 2016-ին «Օսա-ԱԿ»-ով անօդաչուներ եք խոցել, բայց նաև նախորդ հարցազրույցում ասել եք, որ մեր ենթակայության տակ գտնվող «Օսա»-ները, այդ թվում՝ Հորդանանից բերվածները, կոնսերվացիայի ենթակա տեխնիկա էր։ Հակասություն չկա՞, և ինչպե՞ս եք դա բացատրում։

– Իհարկե՝ ո՛չ։ Հակասություն ամենևին չկա։ Այն, որ ես խոցել եմ և մյուսներն են խոցել, դա չի նշանակում, որ մեր զինանոցում այլ սպառազինություն չպետք է ունենայինք։ Տղերքը պայքարեցին այն սպառազինությամբ, որով համալրված էր մեր բանակը, հասցրեցին այն կորուստները, որոնք հնարավոր էր հասցնել այդ սպառազինության ներուժը օգտագործելով, և ցավոք, ունեցանք այն կորուստները, որը սպասելի էր տվյալ սպառազինությամբ մարտ վարելու դեպքում։

Եթե սկսենք որպես հիմք ընդունել միայն անհատական արդյունքները, մարտական գործողությունների կոնկրետ դրվածքներ, ապա նույն հաջողությամբ կարելի էր 2016-ին մեր նռնականետորդի կողմից խոցված ուղղաթիռից հետո Հայաստանի ՀՕՊ զորքերը համալրել նռնականետորդներով և որոշակի առումով նվազեցնել այլ ՀՕՊ սպառազինությունների կողմից իրականացվող մարտական խնդիրները, բայց կարծում եմ, բոլորս էլ գիտենք, որ դա աբսուրդ է։

– Կարո՞ղ էր, այնուամենայնիվ, «Օսա-ԱԿ»-ը զգալի կորուստ պատճառել հակառակորդին՝ անկախ իր հնության։

– Իրականում այն մեծ կորուստ է պատճառել հակառակորդին։ Ասածիս վառ ապացույցն է մեկ մարտական մեքենայի գրանցած արդյունքը։ Իհարկե, նման արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն տեխնիկապես լավ վիճակում գտնվող սպառազինություն, այլ նաև շահագործելու հետ կապված համապատասխան գիտելիքներ (մարտական աշխատանք վարելու փորձ)։ Ամեն դեպքում՝ պետք է ասեմ, որ տեսականորեն այո, կարող էր, բայց դա խնդիրը լուծելու վատագույն տարբերակն է, երբ ունեցած ոչ ժամանակակից սպառազինությամբ մարտի դաշտ ես մտնում և սկսում հույսեր փայփայել, որ քեզ կհաջողվի անել այն, ինչ դու պարտավորես անել։ Իմ կարծիքով՝ նման հարցերի շուրջ քննարկումներ անելիս յուրաքանչյուրիս պետք է հետաքրքրեն հետևյալ հարցերը.

  • արդյոք ՀՀ ԶՈՒ-ն մինչև պատերազմը չէի՞ն կարող համալրվել բավականաչափ քանակությամբ ժամանակակից սպառազինությամբ,
  • եթե կարող էին, ապա ի՞նչն էր խնդիրը, որ պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրի ղեկավարները դա չեն իրագործել,
  • և ի՞նչ դրական արդյունք կունենայինք նշված բացը լրացնելու դեպքում, քանակական և տարածքային ինչ կորուստներից զերծ կմնար հայկական կողմը։

Զրույցը՝ Հայկ Ղազարյանի

Արամո Եգանյանի ՍիվիլՆեթի հետ նախորդ հարցազրույցը կազմված է երեք մասից, կարող եք կարդալ այստեղ.

Ռուս մասնագետները չեն հավատացել, որ 2016-ին «Օսա»-ով անօդաչուներ ենք խոցել․ ՀՕՊ զորքերի սպա
2020-ի պատերազմում իմ հաշվարկը երկու ինքնաթիռ է խոցել. ՀՕՊ սպա
Տպավորություն է, թե մենք լրիվ այլ բանակից ու երկրից ենք. արցախցի ՀՕՊ սպան՝ ծառայությունը շարունակելու մասին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում