Գլխավոր Լրահոս

Հռետորաբանությունից` գործողությունների

Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց ընդունել ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել պայքարը «ժողովրդի հաղթանակը ամրագրելու համար»: Փաստացի կանխորոշվածության պայմաններում անցկացված ընտրություններին հաջորդող զարգացումները կարող են բավական անկանխատեսելի դրսևորումներ ունենալ:

Ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունը բավական կոշտ էր, և կարելի է ենթադրել, որ նա տրամադրված է վճռական պայքարի: Սակայն նախորդ ընտրությունների և երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների վարքագծի փորձը հաշվի առնելով՝ շատերը առայժմ վերապահումով են մոտենում «ժողովրդի հաղթանակը ամրագրելու» նրա վճռականությանը:
Ընտրությունների արդյունքները չընդունող և պայքարի պատրաստակամություն հայտնող «Ժառանգության» առաջնորդը առաջնային խնդիր ունի հասարակությանը և քաղաքական ուժերին համոզելու և վստահեցնելու, որ պայքարն անկեղծ է և երկակի խաղ չէ իշխանությունների հետ: Վերոհիշյալ խնդիրը լուծելուց հետո առավել քան հավանական է, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից և Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ կարող է տեղի ունենալ բավական հզոր հանրային մոբիլիզացիա՝ ընդդեմ իշխանությունների և հանուն ժողովրդավարական փոփոխությունների:

Միաժամանակ կարևոր խնդիր է համարվում քաղաքական դաշտում գործող քիչ թե շատ ազդեցիկ ուժերի հետ հարաբերությունների ճշգրտումը: Նրանց վերաբերմունքը կարող է վճռորոշ լինել ընտրությունների իրական արդյունքների ամրագրման գործում: Առնվազն տարօրինակ է, որ ընտրություններին չմասնակցող, սակայն խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն ունեցող ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն մինչև այս պահը նախագահական ընտրությունների ընթացքի և արդյունքների հետ կապված որևէ հայտարարություն չեն արել և գնահատական չեն հնչեցրել: Փաստորեն, մինչև այս պահը այս քաղաքական ուժերը որևէ կարծիք չունեն երկրի կարևորագույն քաղաքական իրադարձության հետ կապված:

Մյուս կողմից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթին պետք է փորձի ճշտել վերոհիշյալ քաղաքական ուժերի վերաբերմունքը և նրանց տեսակետը՝ հնարավոր զարգացումների հետ կապված: Սակայն քաղաքական կոնյունկտուրային պայմանավորվածությունները որևէ ազդեցություն չպետք է ունենան Հովհաննիսյանի հայտարարած պայքարի անկեղծության վրա:

Միանշանակ կարելի է համարել, որ ստեղծված հետընտրական իրավիճակը լավագույն հնարավորություններից մեկն է ժողովրդի իրական կամարտահայությամբ իշխանություն ձևավորելու համար:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում