Գլխավոր Լրահոս

Շուկան ստվերել է ցորենը

Շուկան ստվերել է ցորենը

Անցած տարի համաշխարհային շուկայում գների շուրջ 90% աճի պայմաններում Հայաստան ներկրված ցորենի մաքսային արժեքն աճել է ընդամենը 8%-ով, իսկ ներքին շուկայում, ընդհակառակը, ցորենի մանրածախ գինը նույնիսկ նվազել է 6,5%-ով։ Այս պայմաններում, սակայն, թանկացել են ալյուրը և հացը։

Անցած տարի Հայաստան ներկրված 477,7 հազ. տոննա ցորենի 91,6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Չնայած այս երկրում երրորդ կարգի ցորենի գինը բարձրացել է 86%-ով՝ 1 տոննայի համար կազմելով 10,6 հազ. ռուբլի ($330), Հայաստան ներկրված ցորենի միջին մաքսային արժեքը կազմել է $274, ռուսական 1 տոննա ցորենի դեպքում՝ $276։

Մաքսային նման արժեքը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 2012թ. Հայաստան ներկրված ցորենի 56%-ը բաժին է ընկել երկրորդ կիսամյակին, երբ Ռուսաստանում և համաշխարհային շուկայում գներն աճել էին ավելի քան 50%-ով։ Եթե անգամ Հայաստան ցորենի հիմնական ներկրողները (ալյուրի շուկայի 47,3%-ը բաժին է ընկնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ», իսկ 34,4%-ը՝ «Մանանա գրեյն» ընկերություններին) երկրորդ կիսամյակի համար նախատեսված խմբաքանակի պայմանագրերը կնքել են հուլիսի գներով՝ $250-ի շրջանակում, միևնույն է, ցորենի մաքսային արժեքը պետք է զգալի բարձր լիներ։ 1 տոննա ցորենի միայն տեղափոխման տրանսպորտային ծախսերը տատանվում են $50-100-ի սահմաններում։ Իսկ սա նշանակում է, որ նույնիսկ ամենանպաստավոր պայմաններում երկրորդ կիսամյակում Հայաստան ներկրված ցորենի միջին մաքսային արժեքը չէր կարող $292 կազմել։

Ուշագրավ է, որ թեև Հայաստան ներկրված ցորենի միջին մաքսային արժեքն աճել է 8%-ով, շուկայի հիմնական խաղորդներից մեկի՝ «Մանանա գրեյնի» վճարած հարկերն ավելացել են 33,5%-ով՝ կազմելով Դ3 մլրդ։ Ընկերության հարկերն ավելացել են հիմնականում մաքսային մարմինների կողմից հավաքագրումների հաշվին։ Մյուս խաղորդը՝ «Ալեքս Գրիգը», բացի ցորենից, առաջին անհրաժեշտության մի շարք այլ ապրանքների խոշոր ներկրող է, և նրա վճարած հարկերում հնարավոր չէ առանձնացնել «ցորենի» բաժինը։ «Մանանա գրեյնի» վճարած հարկերի ծավալի աճից երևում է, որ ընկերության ներկրված ցորենի մաքսային արժեքն աճել է առնվազն 33%-ով, կամ ընկերությունն էապես ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը։ Եթե հաշվի առնենք Հայաստան ներկրված ցորենի միջին մաքսային արժեքի «համեստ» աճը, ապա կարելի է ենթադրել, որ «ստվերային» ցորենի ներկրումը բաժին է ընկել առավելապես «Ալեքս Գրիգին»։

Ցորենի շուկայում բավական ուշագրավ մեկ այլ զարգացում էլ է նկատվել։ Համաշխարհային շուկայում գների գրեթե կրկնակի աճի պայմաններում անհասկանալի պատճառներով ներքին շուկայում ցորենն էժանացել է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2012թ. 1 կգ ցորենի միջին գինը կազմել է Դ187,6 կամ 1 տոննան՝ $467։ Եվ սա այն դեպքում, երբ 2011թ. ցորենի մանրածախ գինը կազմել է ֌200,6 կամ 1 տոննան՝ $538։ Ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ՝ 2012թ. ներկրված 1 տոննա ցորենի մաքսային արժեքն է աճում $20,5-ով, իսկ ներքին շուկայում այն էժանանում է $71-ով։

Ներքին շուկայում գների նվազումը է՛լ ավելի անհասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ 2012թ. ցորենի պաշարների 66,4%-ը կազմել է ներկրված ցորենը. 2011թ. մասնաբաժինը 61,5% էր։ Այսինքն՝ ներքին շուկայում ցորենի գնանկումը չէր կարող տեղի ունենալ տեղական արտադրության հաշվին։

Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում դրամային արտահայտությամբ ցորենն էժանացել է 6,5%-ով, իսկ ալյուրի գներն աճել են 4,3%-ով, հացի գների աճը 1 կգ հաշվով կազմել է 4,7%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում