Գլխավոր Լրահոս

Խճճել «Նաիրիտը»

Խճճել «Նաիրիտը»

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես և անցած տարի, «Նաիրիտի» ճակատագրում հստակություն է խոստանում։ Մինչ կառավարությունը զբաղված է քիմիական հսկայի վերագործարկման ուղղությունները հստակեցնելով, «Նաիրիտում» խնդիրներն ավելի են խորանում. գործարանը օրական մոտ Դ33 մլն-ի պարտք է կուտակում։

Փետրվարի 16-ին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտ» գործարանին, հայտարարել է. «Ծրագիրը «Ջակոբս» ընկերության կողմից հավանության է արժանացել, հիմա շահագրգիռ կողմի հետ դա ենք քննարկում։ Շուտով դա էլ պարզ կլինի։ Բոլոր պարտքերը վճարվելու են, բայց թե երբ, դժվարանում եմ ասել։ Շատ բարդ թեմա է, այնպես չի էլի, որ մեկ-երկու օրից կամ մեկ ամսից կլուծվի, ամեն դեպքում, քննարկումների մեծ մասն անցել է, հիմա ամփոփման փուլում ենք գտնվում» (hetq.am)։

Նախարարի այս պատասխանից պարզ երևում է, որ ռուսական «Իտեռա» ընկերությունը, որը դեռ 2011թ. հայտարարել էր, թե հետաքրքրված է «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրով, որոշակի խոչընդոտների է հանդիպել։ Անցած տարի մայիսին «Իտեռայի» պատվերով բրիտանական Jacobs Consultancy Limited-ը «Նարիտում» իրականացրել էր աուդիտ, որի արդյունքները նոյեմբերին ներկայացրել էր պատվիրատուին։ Նախնական այդ արդյունքների հիման վրա ռուսական ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել ստանձնել «Նաիրիտի» կառավարումը։ «Իտեռան», այդուհանդերձ, առերեսվել էր ֆինանսավորման ներգրավման խնդիրների, որոնք քննարկել էր նաև Հայաստանի կառավարության հետ։ Դատելով հետագա իրադարձություններից, ռուսական ընկերությանը այդպես էլ չի հաջողվել լուծել ֆինանսական միջոցների հարցը։

Մինչ «Իտեռան» կամ կառավարությունը փորձում է լուծել քիմիական հսկայի արդիականացման համար անհրաժեշտ $512,26 մլն ներդրումների հարցը, գործարանը կարող է հանվել մասնակի վաճառքի։ Մոսկվայի իրավարար դատարանը մարտի 18-ին ԱՊՀ Միջպետական բանկի հայցով նախնական լսումներ կանցկացնի Rhinoville Property Limited-ի (պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) դեմ՝ շուրջ $25 մլն-ի գանձման շուրջ։ Բանկը Rhinoville Property Limited-ից պահանջում է $16,7 մլն տոկոսավճարների և $8,4 մլն տույժի վճարում։ Rhinoville Property Limited-ը Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային ընկերություն է, որի միակ ակտիվը «Նաիրիտի» բաժնետոմսերն են. դրանք գրավադրվել էին 2006թ. ԱՊՀ Միջպետական բանկի կողմից տրամադրված $70 մլն-ի վարկի դիմաց և 2011թ. վերջին ըստ էության անցել բանկին։

«Նաիրիտի» շուրջ ստեղծվել է խճճված մի իրավիճակ, որը չի ցանկանում հարթել ոչ մի մասնավոր ընկերություն՝ առանց պետական երաշխիքների։ «Նաիրիտի» ֆինանսական ցուցանիշներից երևում է, որ 2011թ. վերջին այն գտնվել է սնանկացման եզրին։ 2011թ. վերջի դրությամբ գործարանի ընդհանուր պարտավորությունները և վնասները կազմել են Դ61,3 մլրդ, իսկ ակտիվները՝ Դ65 մլրդ։ Եթե հաշվի առնենք այն, որ 2012թ. ընկերությունը չի գործել, սակայն օրական Դ33 մլն-ի պարտքեր է կուտակել, ապա ընկերության պարտքը կգերազանցի ակտիվների ծավալը։ Պարզ ասած՝ նույնիսկ գործարանի վաճառքի դեպքում հնարավոր չի լինի ամբողջովին մարել պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում