Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը լաբորատոր փորձարկման է ենթարկվել․ ՍԱՏՄ

Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակները լաբորատոր փորձարկման են ենթարկվել։ Խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել,
«Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:
Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝
1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010-ի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
***
Նոյեմբերի 6-ին և 8-ին Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվել ընդհանուր 2000 տոննա ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Հայաստանը ներմուծվող ցորենից բարձր կախվածություն ունեցող երկիր է: 2024-ի տվյալներով, սեփական արտադրությունը կազմել է ներքին պահանջարկի միայն փոքր մասը` 30% կամ շուրջ 140 հազար տոննա: Մինչդեռ ընդհանուր սպառումը տարեկան մոտ 450-460 հազար տոննա է։ Ուստի ցորենի ներմուծումը կազմել է շուրջ 316 հազար տոննա։ Ընդ որում, դրա գրեթե ողջ ծավալը ստացվում է Ռուսաստանից։ Այժմ Ղազախստանը Հայաստանի համար կարող է դառնալ ցորենի երկրորդ խոշոր մատակարարը:
Թեմա
Civilnet










