Մերձդնեստր. Լենինի արձանների ու երեք դրոշների չճանաչված հանրապետությունը

Արշալույս Մղդեսյան
Որպես հետխորհրդային տարածքի վերջին չճանաչված հանրապետություն և ցածր ինտենսիվության հակամարտության գոտի՝ Մերձդնեստրը կարող է հիմնովին փոխել այն ամենը, ինչ մենք կարծում ենք, թե գիտենք նման կոնֆլիկտների մասին։ Լեռնային Ղարաբաղի, անգամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ գիտելիքներով կամ արմատացած պատկերացումներով դժվար կլինի նախ հասկանալ, հետո պատմել Մերձդնեստրի մասին:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

Քիշնևից` Տիրասպոլ. աշխարհաքաղաքական էկզոտիկա
Նոյեմբերի սկզբին հայաստանյան լրագրողների խմբի հետ այցելել էինք Քիշնև։ Այցը կազմակերպել էր էստոնական PractNet կազմակերպությունը, որ մշակում և իրականացնում է ուսուցողական և խորհրդատվական ծրագրեր՝ գործընկեր երկրների հետ կիսվելու Էստոնիայի ժողովրդավարական անցման փորձով։
Օրակարգը չափազանց հագեցած էր՝ հանդիպումներ քաղաքական գործիչների, ռազմավարական հաղորդակցությունների ոլորտի ղեկավարների, մեդիայի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Քիշնևում տեղի ունեցած հետաքրքիր ու բովանդակային հանդիպումների մասին դեռ կգրեմ, սակայն մինչ այդ ներկայացնեմ տպավորություններս, թե ինչպես եղա աշխարհաքաղաքական առումով էկզոտիկ վայրում՝ Մերձդնեստրում։
Ինչո՞ւ «վերջին» չճանաչվածը
ԽՍՀՄ կյանքի վերջին տարիներին լեզվական խնդրից ծագած և միության փլուզումից հետո անմիջապես թեժացած Մերձդնեսրի հակամարտությունը ժամանակի առումով համընկնում է մյուսների` Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Սակայն իր բնույթով և հակամարտության ինտենսիվությամբ այն տարբեր է: Նախ, ընդունված է համարել, որ սա առաջին հերթին ոչ թե էթնո- այլ սոցիալ-քաղաքական հակամարտություն է: Ամեն դեպքում, Մերձդնեստրի բնակչության մեծ մասն էթնիկ մոլդովացիներ են, չնայած ինքնության խնդիրը զգացնել է տալիս նաև Մոլդովայում:
Այդ երկրում անգամ ամենաբարձր մակարդակում չեն դադարում հարևան Ռումինիայի հետ միավորվելու քննարկումները: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Մոլդովայի կառավարող ուժի ղեկավարներից մեկն ուղիղ ասաց, որ ունի նաև Ռումինիայի քաղաքացիություն, և եթե Ռումինիայի հետ միավորման հարցը դրվի հանրաքվեի, ինքը կողմ կքվեարկի: Շա՞տ երկրների պաշտոնյաների եք հանդիպել, որ փաստացի կողմ լինեն իրենց պետության՝ որպես առանձին միավորի կամ սուբյեկտի վերացմանը՝ թեկուզ ԵՄ կազմում հայտնվելու և ԵՄ անդամ պետության մաս դառնալու հեռանկարով: Կամ ո՞ր մի պետության նախագահը` որպես ընտրող, կմասնակցի հարևան պետության նախագահի ընտրությանը:

Վերադառնանք Մերձդնեսր. այն չճանաչված կիսա-պետություն է Մոլդովայի տարածքում։ Ձգվում է Դնեստր գետի ձախ ափի ամբողջ մոլդովական հատվածով և մի փոքր տարածք ունի աջ ափին:
Շատերն այն անվանում եմ հետխորհրդային տարածքի վերջին չճանաչված հանրապետությունը, քանի որ որպես հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, գոնե պաշտոնական Երևանի համար, որքան էլ ցավալի է, փակված է։ Իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան ընդունված է համարել մասնակի ճանաչված (ճանաչողների թվում են ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան և Նաուրուն)։
Այսպիսով, Մերձդնեստրը մնում է չճանաչվածներից վերջինը՝ առաջին հայացքից նման, սակայն բովանդակությամբ՝ բոլորից տարբեր։
Կոտրված կարծրատիպեր
Առաջին բանը, որ տեղում փոխում է մեր ընկալումները, մարդկային հոսքն ու քաղաքացիության հարցն է։ Նախ Քիշնևից Մերձդնեստրի կենտրոն` Տիրասպոլ, ավտոբուսներ են երթևեկում: Ավտոմեքենայով այդ ճանապարհը կարելի է անցնել 1,5 ժամում: Մարդիկ առավոտյան աշխատանքի են գնում Դնեստրի աջ ափ` Մոլդովա, երեկոյան վերադառնում: Այսպես կոչված անցակետերում փաստաթղթերի ստուգումը նվազագույն է։ Անձնագրերում որևէ կնիք չի դրվում։ Ուղղակի պարզ ու կարճ ստուգում է իրականացվում, որի ընթացքում գրանցվում են հիմնական տվյալները։

Նման բան այժմ անգամ հնարավոր չէ պատկերացնել Հարավային Կովկասի հակամարտություններում: Պարզվում է՝ տարբեր գնահատականներով, Մերձդնեստրի բնակիչների, որոնց թիվը 250-350 հազար է, ավելի քան 90%-ն ունի Մոլդովայի քաղաքացիություն։ Շատերն ունեն նաև Ռուսաստանի անձնագիր, ոմանք՝ Ռումինիայի։
Անցակետերում իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար արժե մեջբերել մեր խոսակցությունը մերձդնեստրցի սահմանապահի հետ.
- Ու՞ր եք գնում։
- Գնում ենք երկու ժամ պտտվենք ու վերադառնանք։
- Որտեղի՞ց եք։
- Իսկ որտեղի՞ց լինենք, որ լավ լինի, - կատակում ենք մենք:
- Ես ձեզ ցանկանում եմ, որ լինեք Ամերիկայից, հարուստ երկիր է,- կատակին պատասխանում է սահմանապահը՝ վերցնելով մեր փաստաթղթերը։
Ժպտում ենք ու շարունակում ճանապարհը։
Ո՞ւմ դրոշի տակ են ծառայում
Հաջորդ պարադոքսը ռազմական ներկայությունն է։ Ինչպես մեզ պատմեցին, Ռուսաստանի ռազմական ներկայությունը (խոսքը հենց ռուսաստանցիներից բաղկացած զորամիավորման մասին է) բավական սահմանափակ է։ Զորակազմը հիմնականում համալրված է տեղի բնակիչներից, որոնք կարող են միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունենալ։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որոշ անցակետերում կարելի է հանդիպել միանգամայն զարմանալի իրավիճակի. կողք կողքի կանգնած են մոլդովացի, մերձդնեստրցի և ռուսաստանցի սահմանապահներ։ Մեծ հավանականությամբ, սակայն, նրանք բոլորն էլ նաև Մոլդովայի անձնագրով էթնիկ մոլդովացիներ են, որոնք պարզապես ծառայում են տարբեր դրոշների ներքո և տարբեր աղբյուրներից աշխատավարձ ստանում։
Հասարակ մարդկանց մակարդակում լարվածության կամ հակամարտության առկայություն գործնականում չի զգացվում։ Իսկ այն ամենը, ինչ արտադրվում է Մերձդնեստրում արտահանման համար, մակնշվում է որպես Made in Moldova։
Լենինի արձաններն ու ամենակարող «Շերիֆը»
Միջավայրի առումով տարածաշրջանը խորհրդային սիմվոլիկայի և հատկապես Լենինի հանդիպող արձանների խտությամբ ու սփռվածությամբ հիշեցնում է ԽՍՀՄ բացօթյա թանգարան կամ մի տեսակ «մինի Բելառուս»։ Դժվար է գտնել մեկ այլ տարածաշրջան, որտեղ մեկ քառակուսի կիլոմետրի վրա այդքան Լենինի արձան ու կիսանդրի լինի:
Տիրասպոլի կենտրոնում կարելի է տեսնել մյուս չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների դրոշները։ Դրանց շարքում մինչև վերջերս խոյացել է նաև Արցախի դրոշը, որն այժմ չկա՝ իր բացակայությամբ վկայելով «բախտակից» պետական միավորների անկայուն ճակատագրի և խոցելիության մասին:
Թեև Մերձդնեստրը ֆորմալ առումով ունի իր բոլոր ինստիտուտները՝ խորհրդարանից մինչև դատարաններ, բայց, ինչպես մեզ պատմեցին, իրական իշխանությունը պատկանում է մեկ կառույցի՝ «Շերիֆ» անունով ընկերությանը։ Այն պատկանում է երկու նախկին ոստիկանի։

Այս ընկերությանն է պատկանում բառացիորեն այն ամենը, ինչ գումար է բերում՝ առևտրի կենտրոններ, խանութների ցանցեր, մարզադաշտեր, մարզահամալիրներ, գործարաններ և ֆաբրիկաներ։ Տարածաշրջանում արտադրվող ապրանքների մրցունակությունը տևական ժամանակ պայմանավորված է եղել էժան (իսկ նախկինում՝ փաստացի անվճար) ռուսական գազով: Տարիներ շարունակ այն մատակարարվել է Ուկրաինայով, բայց այս տարվա հունվարից Կիևի որոշմամբ կտրվել է՝ տարածաշրջանն էներգետիկ կախվածության մեջ դնելով պաշտոնական Քիշնևից:
Տարածաշրջանն ունի իր սեփական արժույթը՝ մերձդնեստրյան ռուբլին, որը հանդիսանում է վճարման հիմնական միջոցը։ Մոլդովական լեյով այնտեղ վճարում կատարել հնարավոր չէ․ այն անհրաժեշտ է փոխարկել տեղական ռուբլու։
Միջազգային (սովորական) բանկային քարտերը չեն սպասարկվում։ Գործում է տեղական, փակ քարտային համակարգ, որի քարտերը վավեր են բացառապես Մերձդնեստրի տարածքում։
Վերաինտերգրում և եվրաինտեգրում
Մեծ հաշվով ուկրաինական պատերազմը կտրուկ փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձդնեստրի շուրջ: Բացի էներգետիկ քարտեզից, փոխվել է նաև առևտրային ուղղությունը: Ուկրաինայի հետ սահմանի փակման հետևանքով տարածաշրջանի ողջ առևտուրը վերաուղղվել է Մոլդովայի վերահսկվողության տակ գտնվող անցակետեր։
Գազն ու առևտուրը, նշում են մոլդովացի հեղինակները, երկու հզոր լծակներ են, որ Քիշնևին թույլ են տալիս ավելի շատ կենտրոնանալ տարածաշրջանի տնտեսական վերաինտեգրման վրա՝ տեղի բիզնեսը բերելով իր իրավազորության դաշտ։ Սա եզակի հնարավորություն է վերաինտեգրումը զուգակցելու եվրաինտեգրման հետ։

Դրան զուգահեռ, Ուկրաինայում պատերազմն անհնարին է դարձրել «5+2» բանակցային ձևաչափը, որտեղ Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն միջնորդներ էին։ Այսպիսով, վերջին 35 տարում առաջին անգամ Մերձնդեստրի վերաինտեգրումն այլևս կախված չէ Ռուսաստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններից: Սա չի նշանակում, որ Ռուսաստանի գործոնը զրոյացվել է կամ Մոսկվան այլևս դադարել է տարբեր մեթոդներով Մոլդովան հետ պահել եվրաինտեգրումից, իսկ Մերձդնեստրի էլիտաներն անգամ այժմյան դժվարություններով պայմանավորված՝ Քիշնևին կսկսեն հավատարմության երդում տալ:
Նման սպասումներ չկան: Հանդիպումներից մեկի ժամանակ դիպուկ արտահայտվեց մոլդովացի լրագրողներից մեկը. «Հաղթահարելով երկու ընտրական ցիկլ՝ մենք թուլացրինք ռուսական ազդեցությունը։ Հիմա կարծես թե զգուշավորությունը թուլացրել ենք ու չենք վախենում։ Բայց սկսել ենք վախենալ հենց այն մտքից, որ այլևս չենք վախենում»։
Հ.Գ.
Թեև Քիշնև էինք մեկնել հիբրիդային սպառնալիքներ ուսումնասիրելու, սակայն Մերձդնեստրում հանդիպեցինք մեկ այլ հիբրիդային իրականության, որն իսկապես ստիպում է վերանայել «հակամարտություն» հասկացության մեր ընկալումներն ու սահմանումները:
Civilnet










